wanna check in?

          ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ 4 ՏՈՆԵՐԸ

          16.02.17

          Բնության զարթոնքը առավել գեղեցիկ են դարձնում տոներն իրենց խորհուրդներով ու յուրահատկությամբ: Իսկ տոների գույները տարբերվում են Հայաստանում: Գարնանային հանգիստը Հայաստանում անցկացնելիս հարկ է, որ մասնակից լինեք տոներից գոնե մեկին: Որո՞նք են տոները ու ե՞րբ են նշվում: Ծաղկազարդ, Սուրբ Հարություն կամ Սուրբ Զատիկ, Համբարձում, Մայրության ու գեղեցկության տոներ:

          Գարունը Հայաստանում

          Գարունը Հայաստանում

           

          Ծաղկազարդ

          Ծաղկազարդը եկեղեցական ու ժողովրդական տոն է, որն ազդարարում է գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբը: Ծաղկազարդը նշվում է Մեծ պահքի վերջին կիրակի օրը՝ Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ: Այն նվիրված է Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին: Սակայն տոնի արմատները գալիս են դեռևս հեթանոսական շրջանից, որը խորհրդանշել է գարնան զարթոնքը, հեթանոս դիցերի միջոցով կապվել գարնանային եղանակի ու ծառի պաշտամունքի հետ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ նույնպես տեղի է ունեցել գարնան զարթոնքի շրջանում: Այն ընդունվել է մեծ խանդավառությամբ և ժողովուրդը ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռել է ճանապարհի վրա: Այս մասին 4 ավետարաններում էլ հիշատակվում է: Քանի որ այսպիսի համընկնում է տեղի ունեցել, հետագայում հանգամանքների բերումով Ծաղկազարդը միացվել է Քրիստոնեական տոնին ու մտել տոնացույց հենց Ծաղկազարդ անվամբ:

          Ծաղկազարդ

          Ծաղկազարդ

          Ծաղկազարդի նախօրեին բացվում են խորանի վարագույրները, որը կոչվում է Դռնբացեքի արարողություն, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է սուրբ Պատարագ: Անցյալում սովորություն էր Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ տեղադրել, մոմերով ու մրգերով զարդարել: Հիմա եկեղեցին օրհնում է ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին, իսկ եկեղեցին զարդարվում է համանուն ծառերի ոստերով: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Իսկ ձիթենին հնում համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ոստերը պահվում են մինչև հաջորդ ծաղկազարդ և դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։

          Ծաղկազարդ

          Ծաղկազարդ

           

          Սուրբ Հարության կամ Զատկի տոն

          Ծաղկազարդին հաջորդում է Ավագ շաբաթը, որն էլ ավարտվում է Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկով՝ Սուրբ Հարության կամ Զատկի տոնով: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը ընկած ժամանակահատվածում։ Զատիկը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է, որն էլ դարձավ քրիստոնեական հավատի հիմքը: Քրիստոսն է հավիտենական այն զոհը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։  Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով և ստանում Օրհնյալ է հարությունը Քրիստոսի պատասխանը։ Կիրակի օրը ևս տեղի է ունենում ժամերգություն ու մատուցվում սուրբ Պատարագ։ 

          Ճրագալույցի պատարագ

          Ճրագալույցի պատարագ

          Եկեղեցական արարողություններից զատ տոնը շարունակվում է ընտանիքներում: Ոչ վաղ անցյալում տարածված էին համայնքային միջոցառումները, երգերը, պարերը, խաղերը, իսկ Զատկական տոնի պատրաստությունները սկսվում էին ավելի վաղ: Զատկի գիշերը եփում էին մատաղը, որն ուղեկցվում էր երգերով ու խաղերով: Հիմա ավելի շատ պահպանվել է ընտանեկան մթնոլորտում նշելու ավանդույթը: Քրիստոնեական բոլոր ընտանիքներում մատուցում են չամիչով ու բրնձով փլավ, կանաչեղեն, կարմիր ներկած ձու ու կարմիր գինի: Կարմիր ներկած ձվերով էլ հավկթախաղ է տեղի ունենում: Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

          Զատկի տոն

          Զատկի տոն

           

          Համբարձման տոն

          Ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ Զատկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի օրը նշվում է Համբարձման տոնը: Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա, ուսուցանում իր աշակերտներին, իսկ 40-րդ օրը օրհնում ու պատգամներ է տալիս իր առաքյալներին ու համբարձվում երկինք: Սակայն դեռևս նախաքրիստոնեական Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր էր խաղում գարնանային այս վերջին տոնը՝ Համբարձումը, որը համապատասխանեցվեց քրիստոնեկան տոնի հետ: Համբարձման օրը ժողովուրդը կոչում է նաև Վիճակ կամ Ջան գյուլում: Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվել:

          Համբարձման տոն

          Համբարձման տոն

          Համբարձման նախընթաց օրը (չորեքշաբթի) աղջիկները դաշտերից հավաքել են 7 գույնի ծաղիկ և փնջեր կապել: Ապա 7 աղբյուրի ջրից լցրած կժի մեջ յուրաքանչյուրը որևէ իր է գցել: Համբարձման տոնին շրջանաձև նստել են  կժի ու ծաղկեփնջերի շուրջը, և սկսվել է վիճակը (վիճակահանությունը): Երգել են մի-մի տուն ժողովրդական երգ: Ամեն մի տունը երգելուց հետո մի փոքրիկ աղջիկ կժից հանել է մի իր: Այդ իրի տիրոջ բախտը որոշվել է երգի կամ արտասանված քառյակի բովանդակությամբ: Մինչ օրս էլ որոշ շրջաններում դեռևս պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը:

          Համբարձման տոն

          Համբարձման տոն

           

          Մայրության և գեղեցկության տոն

          Ոչ պակաս գեղեցիկ ու սիրելի է գեղեցկության ու մայրության տոնը, որը նշվում է ապրիլի 7-ին: Ըստ Ավետարանների, այս օրը Գաբրիել հրեշտակապետը ավետել է Մարիամին Աստծո որդու ծննդի մասին: Իսկ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր ու բոլոր եկեղեցիներում ապրիլի 7-ին մատուցվում է Սբ. Պատարագ: Տոնի խորհրդի համաձայն ինչպես Աստվածածինն է ավելի մոտ դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ: Այս օրը նշանավորվում է շնորհավորանքներով ու փոքրիկ նվերներով հայ մայրերին՝ ի նշան խորին շնորհակալության:

          Մարիամ Աստվածածնի Ավետման տոն

          Մարիամ Աստվածածնի Ավետման տոն

          Չնայած որ առաջին 3 տոները շարժական են, հնարավոր է նախօրոք իմանալ, թե երբ է Հայ Առաքելական եկեղեցին նշում դրանք, ինչն էլ հնարավորություն կտա համատեղել հաճելին օգտակարի հետ: Ինչպե՞ս: Կարող եք մասնակցել տուրերի Հայաստանում, լինել մարզերում, մասնակցել տոնակատարություններին միջնադարյան եկեղեցիներից մեկում, այնուհետև մասնակից դառնալ ժողովրդական ծեսերին, ինչն էլ հնարավորություն կտա զգալ մշակութային միջավայրը:

          ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2017