Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ այցելել է Հայաստանը, երբեք չի մոռանա տեղական խոհանոցի անկրկնելի և ախորժելի ուտեստները, ինքնատիպ քաղցրավենիքն ու հայկական մրգերի շատ յուրահատուկ «արևային» համը: Հաճախ զբոսաշրջիկները ցանկանում են իրենց հետ տանել և կիսվել ընկերների և ընտանիքի անդամների հետ այս շքեղության և բերրիության գոնե մի փոքրիկ «պատառով»: Շտապենք ուրախացնել Ձեզ, որ դա միանգամայն հնարավոր է. սակայն կարևոր է իմանալ, թե հստակ ինչն արժե գնել որպես համեղ նվերներ Ձեր սիրելիների համար:


Կոնյակ և Գինի
Տասնամյակներ առաջ հայկական կոնյակը համբավ ձեռք բերեց ոչ միայն ամբողջ Խորհրդային Միությունում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Կոնյակի պատրաստման մեջ օգտագործվող սպիրտը ստանում են խաղողի հատուկ տեսակներից: Ըմպելիքը հնեցնում են կաղնու տակառներում և, պահպանելով պատրաստման բարդ և խիստ կանոնները, վերջնական մակարդակի են հասցնում յուրահատուկ համ ու հոտ ունեցող խմիչքը: Ուստի հայկական կոնյակի համը շատ առումներով չի զիջում ֆրանսիական բնօրինակ խմիչքին և բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է գինիներին, ապա Հայաստանում կարելի է գտնել դրանց տեսակների մեծ բազմազանություն: Ավելին, Ձեզ կառաջարկվեն ոչ միայն խաղողի գինիները, այլ նաև մի շարք մրգերից և հատապտուղներից պատրաստված զանազան և անուշահամ գինու տեսակներ` դեղձից, սերկլիլից, մոշից, բալից և այլն:


Չրեր
Ավելորդ է ասել, որ հայկական քաղցր մրգերից պատրաստում են աներևակայելի համ ունեցող չրեր: Երևանի խանութներում և շուկաներում կարելի է գնել ծիրանի, դեղձի, սալորի, թզի, խնձորի չրեր, ինչպես նաև շաքարապատ մրգեր, որոնց շարքում են նույնիսկ բանանը կամ ձմերուկը: Հատուկ ուշադրություն դարձրեք նաև տեղական «քաղցր սուջուխին», որը հիշեցնում է վրացական «չուրչխելան»: Փորձեք նաև «ալանին»՝ դեղձի չիրը, որը լցոնված է ընկույզի քաղցր միջուկով:


Մուրաբաներ և քաղցրավենիք
Հայաստանում Ձեզ կառաջարկվեն մուրաբաների անսովոր տեսակներ, որոնք, անկասկած, կուրախացնեն Ձեզ և Ձեր սիրելիներին: Օրինակ, անպայման փորձեք վարդի տերևներից պատրաստված նուրբ բույր և համ ունեցող մուրաբան կամ կանաչ ընկույզից պատրաստվախ խիտ մուրաբան: Էկզոտիկ համերի սիրահարները կարող են ռիսկի դիմել և փորձել սմբուկի կամ նույնիսկ սխտորի մուրաբա: Համն ամենևին էլ այն չէ, ինչ կարելի է ակնկալել, այնուամենայնիվ, անսպասելի և հետաքրքիր է: Քաղցրի սիրահարները կգնահատեն նաև տեղական շոկոլադները, որոնք լցոնված են ընկույզով, նուշով և չրերով:


Պանիր
Եթե որոշել եք Ձեզ հետ պանիր տանել, ապա պետք է գնել այն մեկնելու օրը, քանի որ այս «հուշանվերն» ունի կարճ պահպանման ժամկետ: Այստեղ Դուք նույնպես ունեք մեծ ընտրություն: Բայց եթե արդեն իսկ համտեսել եք հայկական պանիրներից մի քանիսը, ապա, միանշանակ, հեշտությամբ կգտնեք Ձեր նախասիրություններին համապատասխան որևէ տեսակ: Օրինակ, կարող եք ընտրել դասական Լոռի պանիրը, Չանախ պանիրը կամ տարբեր անուշաբույր խոտաբույսերով համեմված որևէ պանիր:


Բաստուրմա և սուջուխ
Հայաստանում ցանկացած տոնական սեղանին Դուք կգտնեք այս համեղ ուտեստները, որոնք հիանալի նվեր կարող են դառնալ մսամթերքի սիրահարների համար: Բաստուրման հատուկ եղանակով մշակված և չորացրած միս է, որը պատված է չամանով: Դժվար է նկարագրել այս ուտեստի լիարժեք ու վառ արտահայտիչ համը. պետք է, անշուշտ, փորձել այն: Իսկ սուջուխը՝ աղացած մսից և շատ համեմունքներից պատրաստված ջերմային մշակման չենթարկված հում մսապուխտ է:


Փախլավա և գաթա
Ընկույզով թխվածքը պատրաստվում է Կովկասի տարբեր ժողովուրդների կողմից, սակայն բոլորի բաղադրատոմսերն ունեն իրենց առանձնահատկությունները: Հայաստանում փախլավան պատրաստվում է փխրուն խմորի բազմաթիվ բարակ շերտերից, որոնց միջև ավելացվում է ընկույզից պատրաստված միջուկը, որն իր հերթին առատորեն համեղացված է համեմունքներով: Որպես կանոն, պատրաստի խմորեղենը պատում են մեղրով կամ օշարակով: Իսկ գաթայի պատրաստման եղանակները կարող են նույնիսկ փոքր-ինչ տարբերվել Հայաստանի տարբեր մարզերում: Այստեղ որպես միջուկ օգտագործվում է քաղցր խորիզը:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: