Հայաստան այցելության առաջին իսկ վայրկյանից սերն առաջին հայացքից անխուսափելի է: Հայաստանը կհմայի Ձեզ իր բնությամբ, ավանդույթներով և սովորույթներով, հյուրընկալությամբ: Հայաստան այցելության հազարավոր պատճառներ կարելի է նշել: Բայց մենք կներկայացնենք ամենակարևոր հինգը:


Պատճառ 1. Լեռնային լանդշաֆտը և գեղեցիկ Սևանա լիճը
Հայաստանի բնությունն առանձնանում է իր գեղեցկությամբ և բազմազանությամբ: Համեմատաբար փոքր տարածք ունեցող Հայաստանում կարելի է հանդիպել և՛ ջրառատ գետեր, և՛ խիտ անտառներ, և՛ ընդարձակ դաշտեր՝ ծածկված գունագեղ ծաղիկների գորգով: Հայաստանում կկարողանաք լողալ Սևանա լճում, խմել Ջերմուկի և Դիլիջանի առողջարար աղբյուրի ջուրը: Հայաստան այցելության ընթացքում ականատեսը կդառնաք հիասքանչ և գրավիչ տեսարանների. ամառային բազմերանգությունից մինչև Ծաղկաձորի ձյունաճերմակություն, Սևանա լճի ջինջ կապույտից մինչև Արարատի ճերմակություն:


Պատճառ 2. Պատմամշակութային ժառանգությունը
Հայաստան այցելությունը հնարավորություն կտա տեսնել բազմաթիվ պատմամշակութային վայրեր: Զգացեք Հին Հունաստանի շունչը՝ այցելելով Գառնի և տեսնելով Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը, հիացեք ժայռափոր Գեղարդ վանական համալիրի յուրօրինակ ճարտարապետությամբ, ճանապարհորդեք աշխարհի ամենաերկար ճոպանուղիով դեպի Տաթևի վանական համալիր:


Այս ամենի շնորհիվ Հայաստանն արդարացնում է թանգարան բաց երկնքի տակ իր հնադարյան կոչումը. Ստունհենջից էլ ավելի հին պատմություն ունեցող Քարահունջ, Խնձորեսկ քարանձավային քաղաք, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնը՝ Մատենադարանը:


Պատճառ 3 – Հիասքանչ հայկական խոհանոցը
Հայաստանը պարզապես դրախտ է գուրմանների համար: Հայկական խոհանոցի հետ ծանոթությունն անտարբեր չի թողնի և ոչ մեկին, իսկ մեր գաստրոնոմիկ տուրը կօգնի այդ հարցում: Երևանյան մի շարք սրճարաններ ու ռեստորաններ առաջարկում են ազգային ուտեստների լայն տեսականի՝ տոլմա, տաք-տաք խորոված, սպաս… Դեռ երկար ժամանակ կհիշեք հայկական մրգերի արևային համն ու հոտը:


Պատճառ 4 – Երեկոյան Երևանը
Շոգ ամռանը կյանքը Երևանում սկսվում է երեկոյան: Տարվա այս եղանակին երեկոյան զբոսանքը հատուկ ավանդույթ է: Երբ ցերեկվա շոգը թուլանում է, և նրան փոխարինելու է գալիս զով երեկոն, մարդիկ դուրս են գալիս զբոսնելու և մաքուր օդ շնչելու: Կարող եք զբոսնել քաղաքի կենտրոնում, գնալ հուշանվերների խանութներ կամ վայելել երեկոն հաճելի մի սրճարանում: Հարկ ենք համարում հիշեցնել, որ բաց չթողնեք մայրաքաղաքի գլխավոր հրապարակի երգող շատրվանների հրաշալի շոուն:


Պատճառ 5 – Հրաշալի տարբերակ ընտանեկան հանգստի համար
Պատրաստվում եք այցելել Հայաստան ընտանիքի՞ հետ: Հիանալի է: Երեխաների հետ հանգստի համար Հայաստանն առաջարկում է ժամանցի մի շարք տարբերակներ՝ մանկական սրճարաններ, ժամանցային կենտրոններ, կենդանաբնական այգի, ջրաշխարհ… Հայաստանում երեխաների նկատմամաբ հատուկ վերաբերմունք կա: Դա է պատճառը, որ հասարակական ցանկացած վայրում հարմարավետ հանգստի համար կտրամադրվի ցանկացած անհրաժեշտ պարագա և ծառայություն՝ մանկական ճաշացանկ, հատուկ բարձր աթոռ և այլն:
Հյուրընկալ Հայաստանն սպասում է Ձեզ:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: