Հայաստանում տարեկան անցկացվում են թեմատիկ բազմաթիվ փառատոններ. որոշները նվիրված են սիրված մրգերին, հայկական խոհանոցի ուտեստներին և տեղական ըմպելիքներին: Կան նաև փառատոններ նվիրված հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությանը, ազգային տարազներին, պատմական արհեստներին և ժողովրդական արվեստին: Նման իրադարձությունները նաև ստեղծված են առօրյան գույներով համեմելու համար, օրինակ՝ օճառի պղպջակների փառատոն, որը Հայաստանի մայրաքաղաքի փոքրիկ բնակիչները պարզապես պաշտում են:
Գինու օրեր Երևանում
Փառատոնը անցկացվում է մայիսի սկզբին՝ Սարյան փողոցում, Երևանի կենտրոնում: Այցելուներին ողջունում են հայկական համեղ ուտեստներով, հաճելի երաժշտությանբ, ամբողջ փուղոցում տիրում է հատուկ մթնոլորտ և, իհարկե, մատուցվում է տեղական գինիների լայն տեսականի: Գինու համտեսման համար մասնակիցները տեղում կարող են ձեռք բերել տոմսեր, որոնք գործում են փառատոնի բոլոր օրերի ընթացքում:
Տոլմայի Փառատոն
Փառատոնը անցկացվում է Արարատի մարզի Հնաբերդ գյուղում: Տոլման հայկական խոհանոցի ավանդական ուտեստներից է: Փառատոնի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում համտեսել Հայաստանի տարբեր վայրերից հավաքած, դարեդար փոխանցված բաղադրատոմսերով պատրաստված տոլման: Փառատոնի ընթացքում անցկացվում են տարբեր մրցույթներ, օրինակ` ամենամեծ կամ ամենաերկար տոլմայի պատրաստումը:
«Համեղ Երևան» փառատոն
Փառատոնը անցկացվում է հունիսին Երևանի Թումանյանի անվան այգում: «Համեղ Երևանը» հիանալի առիթ է ծանոթանալու հայկական խոհանոցի հարստությանն ու բազմազանությանը, փորձելու շատ համեղ ու հետաքրքիր ուտեստներ, ինչպես նաև սովորելու նրանց պատմությունն ու բաղադրատոմսերը: Փառատոնի ընթացքում ներկայացված են մսամթերքի, ձկնեղենի և բանջարեղենի ավանդական ուտեստներ, ազգային խմորեղեն և քաղցրավենիք, ինչպես նաև հաց և խմիչքների տեսականի: Մասնակցությունն անվճար է:
Ձմերուկի փառատոն
Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրված փառատոններից մեկն է: Փառատոնը տեղի է ունենում Կարապի լճի ափին՝ Երևանի կենտրոնում գտնվող զբոսայգում: Այստեղ Դուք կարող եք հիանալի ժամանակ անցկացնել, լսել հաճելի երաժշտություն և հիանալ ձմերուկի կեղևի փորագիր գործերով: Եվ իհարկե, համտեսել հյութալի և թարմացնող ձմերուկ, ինչը իսկապես հաճելի է ամառվա տապին: Փառատոնին մասնակցելն անվճար է:
Տարազի փառատոն
Տարազի (ազգային հագուստի) փառատոնը անցկացվում է օգոստոսին Հյուսիսային պողոտայում՝ Հայաստանի մայրաքաղաքի հենց կենտրոնում: Այստեղ Դուք կարող եք տեսնել տարազներ երկրի տարբեր մարզերից, ինչպես նաև ձեռքի ասեղնագործ աշխատանքներ: Ցանկացողները կունենան նաև ազգային զգեստներն ու զարդերը փորձելու և նկարվելու հնարավորություն:
Գարեջրի փառատոն
Վայրը – Կարապի լիճ՝ Երևան: Փառատոնը տեղի է ունենում օգոստոսին: Հայաստանն ունի գարեջրի արտադրության իր սեփական ավանդույթները, որոնք շատ ժամանակակից արտադրողներ ակնածանքով պահպանում են: Գարեջրի փառատոնի ընթացքում կարող եք համտեսել տեղական զովացուցիչ ըմպելիքների զանազան տեսակներ, ինչպես նաև գարեջրի նախուտեստների լայն տեսականի՝ երշիկեղեն, ընդեղեն և Սևանի համեղ խեցգետիններ:
Խորովածի փառատոն
Խորովածը ամենասիրված ուտեստներից է, առանց որի Հայաստանում ոչ մի ընտանեկան խնջույք լիարժեք չէ: Խորովածի փառատոնի ընթացքսւմ Դուք կարող եք համտեսել այս զարմանահրաշ ուտեստի ավելի քան 40 տեսակ, որոնք պատրաստված են տարբեր բնօրինակ բաղադրատոմսերով: Փառատոնի մասնակիցները կարող են լինել ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ խոհարարներ, ովքեր ներկայացնում են պատրաստման իրենց սեփական վարկածները: Փառատոնի անցկացվում է Լոռվա մարզի Ախթալա գյուղում:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: