1 քառակուսի կիլոմետրի վրա բույսերի ավելի քան 100 տեսակ: Հայաստանը իր այս ցուցանիշով աշխարհում համարվում է առաջատարներից: Այս բազմազանությունը պայմանավորված է միանգամից կլիմայական երեք՝ մայրցամաքային, չափավոր և մերձարևադարձային գոտիներում գտնվելու փաստով: Բնական-կլիմայական պայմանների, տարածքի լեռնային բնույթի, աշխարհագրական դիրքի և բնական միջավայրի զարգացման առանձնահատկությունների շնորհիվ Հայաստանի ֆլորան ձեռք է բերել արտակարգ հարուստ ու խայտաբղետ տեսակային կազմ՝ ավելի, քան 3500 բույսերով, ընդ որում՝ Կովկասում առկա 6000 բուսատեսակներից 3200 հանդիպում են Հայաստանում: Իսկ 3500-ից էնդեմիկ են 115-ը: Ջրիմուռները, մամուռները և քարաքոսերը նույնպես իրենց տեսակների քանակով չեն զիջում ծաղկավոր բույսերին, սակայն նրանց տեսակային կազմը դեռևս ամբողջությամբ բացահայտված և ուսումնասիրված չէ:


Հայաստանի ցածրադիր վայրերը ծածկված են անապատային և կիսաանապատային գոտու բուսականությամբ: Դրանք հարմարված են չոր պայմաններին և զարգացած արմատների շնորհիվ հողի խորքից կարողանում են ջուր վերցնել: Անապատային ու կիսաանապատային բուսատեսակների զգալի մասը բնակչությունը շատ հնուց օգտագործել է որպես սնունդ և դեղամիջոց: 1000-1500 մետր բարձրության վրա տարածվում են Արարատյան գոգավորության կիսաանապատները: Տափաստանային գոտին Հայաստանում ամենատարածվածն է և զբաղեցնում է 1400-2600 մետր բարձրությունը: Այս գոտու բարձրադիր մասին բնորոշ են հացազգիները:


Մերձալպյան և ալպյան գոտու բուսականությունը տարածվում է 2200 մետր բացարձակ բարձրությունից վեր: Ավելի ցայտուն արտահայտված են Արագածի և Գեղամա լեռնավահանների վրա: Այս մարգագետինները նույնպես աչքի են ընկնում բուսականության բազմազանությամբ. սյստեղ հանդիպում են ավելի քան 100 տարբեր տեսակի բույսեր: Կոչվում են նաև «ալպյան գորգեր», քանի որ բազմազան ծաղիկներով զարդարված մարգագետինները հեռվից գույնզգույն գորգերի տպավորություն են թողնում: Այս գոտին բացառիկ նշանակություն ունի անասնապահության համար, քանի որ ծառայում է նաև որպես արոտավայր: Քայլարշավային և դասական տուրերը Հայաստանում հնարավորություն կտան լինել բնական բոլոր գոտիներում:


Հայաստանում հանդիպող 3500 տեսակ բույսերից բուժիչ հատկություններով օժտված են մոտ 1500-ը: Հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին թողել է Եզնիկ Կողբացին (4-5-րդ դդ.), իսկ Մխիթար Հերացին (12-րդ դար) և Ամիրդովլաթ Ամասիացին (15-րդ դար) այդ բույսերն արդեն օգտագործել են որպես դեղամիջոցներ: Այդ դեղաբույսերը կարելի է խմբավորել ըստ մարդու օրգանիզմի վրա ունեցած առավելագույն ներգործության՝ սիրտանոթային և նյարդային համակարգերի հիվանդությունների դեպքում գործածվող դեղաբույսեր, արյան բարձր ճնշումն իջեցնող միջոցներ, ստամոքսի և շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում կիրառվող և այլն: Եթե ձեր հանգիստը Հայաստանում կազմակերպելիս պատահաբար հյուրընկալվեք հայ ընտանիքում, վստահաբար խոտաբույսերով թեյ վայելելու առիթը կունենաք:


Ոչ պակաս կարևոր են Հայաստանի անտառային տարածքները, որտեղ հանդիպում են 118 ցեղի և 54 ընտանիքի պատկանող 323 տեսակի ծառեր և թփեր, որոնցից անտառկազմող հիմնական տեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին և սոճին: Այս չորս տեսակները զբաղեցնում են Հայաստանի ամբողջ անտառածածկույթի 86.6%-ը: Իսկ անտառները զբաղեցնում են ամբողջ Հայաստանի 11.2%-ը: Անտառապատ մարզեր են համարվում Տավուշը, Լոռին, Սյունիքը և Կոտայքը: Հայաստանի կենտրոնական շրջաններում չոր կլիմայի պատճառով գործնականում բացակայում են անտառները, սակայն տնկվել են արհեստական անտառներ։ Դրանցից Խոսրովի անտառը վերածված է պետական արգելոցի։ Իսկ Հայաստանում ներկայումս գրանցված են և գործում են 4 ազգային պարկեր, 3 պետական արգելոցներ, 26 արգելավայրեր և 5 բուսաբանական այգիներ։


Մեր փոքրիկ երկիրն էլ բացառություն չէ և ունի ՀՀ բույսերի Կարմիր գիրքը, որը հրապարակվել է 1989 թվականին Բուսաբանության ինստիտուտի կողմից: Այն ընդգրկում է 387 բուսատեսակ, ինչն էլ կազմում է ՀՀ բուսաշխարհի 12%-ը:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: