Թերևս ոչինչ այդպես չի փոխանցում Հայաստանի իրական հոգին, ինչպես հինավուրց տաճարներն ու վանքերը, որոնց մեծ մասը գտնվում է երկրի գեղատեսիլ անկյուններում` զմրուխտյա բլուրների վրա, լեռներում, կտրուկ, քարքարոտ ժայռերի և ձորերի մոտ, կամ բարձրադիր Սևանա լճի ափին: Երկրի համեմատաբար փոքր տարածքում կարելի է հաշվել տասնյակ զարմանահրաշ տաճարներ, վանքեր, եկեղեցիներ և մատուռներ, որոնց մի մասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, և յուրաքանչյուր շինություն ունի իր դարավոր պատմությունը: Ներկայացնում ենք Ձեզ Հայաստանի հինգ ամենատարածված զբոսաշրջային ուղիները, որոնք կօգնեն ծանոթանալ երկրի պատմական և ճարտարապետական «հարստություններին»:


Մայր աթոռ Սուրբ Էջմիածին
Էջմիածինը ամենասիրված սրբավայրից մեկն է Հայաստանում: Սուրբ Էջմիածինը Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայր է հաստատվել Քրիստոնեության ընդունման պահից սկսած (301 թ): Այստեղ թանգարանում պահվում են ընդհանուր քրիստոնեական սրբություններ, օրինակ՝ Նոյան տապանի մասնիկը և Գեղարդը, որը խոցեց Քրիստոսի կողոսկրը: Էջմիածնի համալիրը ներառում է Մայր Տաճարը (4-րդ դարի սկիզբ), Սբ. Գայանե (603 թ.) և Սբ. Հռիփսիմե եկեղեցիները (618 թ.), ինչպես նաև մի շարք հին վանական կառույցներ:


Գեղարդի վանք
Գեղարդի վանքը (IV դար), որը շատ հայտնի է զբոսաշրջիկների մեջ, ուշագրավ է այն փաստի համար, որ շենքի մի մասը փորված է անմիջապես ժայռի մեջ: Վանքը շրջապատված է գեղատեսիլ լեռներով և կառուցվել է լեռնային աղբյուրի մոտ, ուստի ի սկզբանե ստացել է Այրիվանք անվանումը (քարանձավային վանք), իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը) կոչվել է նաև Գեղարդ։ Գեղարդը, հանդիսանալով կարևոր քրիստոնեական մասունք, այժմ պաhվում է Էջմիածնում: Իր պատմության ընթացքում վանքը բազմաթիվ տառապանքներ է կրել, մի քանի անգամ այն գրեթե գետնին է հավասարվել, հետո վերակառուցվել: Այսօր Գեղարդի վանական համալիրը կարելի է տեսնել իր փառահեղ գեղեցկությամբ և մեծությամբ:


Խոր Վիրապ
Խոր Վիրապ վանքը (648-2 թ.), որը գտնվում է աստվածաշնչյան լեռան՝ Արարատի ստորոտում, շատ հետաքրքիր պատմություն ունի: Ըստ ավանդության հենց այստեղ էր գտնվում այն արքունական բանտը, որտեղ խորը հորի մեջ մոտ 13 տարի կալանավորել էին Գրիգոր Լուսավորիչին, ում շնորհիվ Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն. ինքն էլ դարձավ առաջին կաթողիկոս: Վանքի անվան բացատրությունն է «խոր զնդան»: Զնդանը մինչ օրս գտնվում է եկեղեցական կառույցի տակ՝ 6 մ խորության վրա: Ցանկացողները կտրուկ պարուրաձև աստիճաններով կարող են իջնել այնտեղ և անզեն աչքով տեսնել Լուսավորչի բանտարկության վայրը:


Տաթևի վանք
Գուցե սա ամենագեղեցիկ վանական համալիրն է, որն անմիջապես նվաճում է իր իսկապես կախարդական էներգետիկայով: Վանքի վեհաշուք կառույցը (IX դարի վերջ) գտնվում է կտրուկ ժայռի գրեթե եզրին, և թվում է, թե այն «ճախրում է անդունդի վրայով»: Վանական համալիրը ավելի դյուրին հասանելի է դարձնում «Տաթևեր» ուղևորատար ճոպանուղին, որն անցնում է Որոտան կիրճի վրայով՝ ավելի քան 300 մ բարձրության վրա, և համարվում է ամենաերկար առանց կանգառների ճոպանուղին ամբողջ աշխարհում: Ուղևորությունը «Տաթևեր» ճոպանուղով հնարավորություն է ընձեռում դիտել չնաշխարհիկ համադրությամբ տեսարաններ, վանական համալիրը և շրջակա լեռնային բնապատկերը. այսպիսով մինչ Տաթևի վանական համալիրը կհասցնի դյութել Ձեզ իր հմայքով, վանք տանող ճանապարհը արդեն իսկ կպարգևի Ձեզ ոչ պակաս անմոռանալի տպավորություններ:


Գառնու հեթանոսական տաճար
Միանշանակ Հայաստանի հնագույն տաճարների ցանկացած ցուցակ թերի կլինի առանց Գառնու տաճարի (մ.թ. I դար), որը միակ պահպամված համալիրն է նախաքրիստոնեական դարաշրջանից: Գառնին հելլենիստական շրջանի կառույց է և ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Այստեղ է տեղակայված եղել նաև արքունական ամառանոցը: Հին պալատական կառույցների փլատակներ դեռևս տեսանելի են մոտակա տարածքում, իսկ որոշ տեղերում՝ պատերի ավերակների վրա ներկերի մնացորդներ և գեղեցիկ զարմանահրաշ խճանկարի բեկորներ են պահպանվել: Գառնու տաճարը ամբողջությամբ ավերվել է 17-րդ դարում երկրաշարժի հետևանքով. կառույցը վերականգնվել է 1970 թ: Այսօր Գառնին Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: