Հայաստանը հայտնի է որպես գեղեցիկ և բարձր լեռների երկիր: Լանդշաֆտի նման առանձնահատկության շնորհիվ Հայաստանի բոլոր գետերն ունեն շատ արագ ու բուռն հոսք: Այդ իսկ պատճառով, հին ժամանակներում Հայաստանը կոչում էին «Նաիրի», որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»: Այստեղ բնական ջրերը միշտ բարձր են գնահատվել, իսկ գետերի ակունքները ժամանակին համարվում էին սրբազան: Այսօր Հայաստանում կա ավելի քան 9,400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ: Եկեք ծանոթանանք Հայաստանի ամենամեծ և ամենագեղեցիկ գետերի տասնյակին:


Արաքս գետ
Արաքս գետը Հայաստանի ամենամեծ և ամենաերկար գետն է, հաճախ կոչվում է «Մայր-Արաքս»: Գետի մասին հիշատակություն կարելի է գտնել նույնիսկ Աստվածաշնչում: Արաքսը հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում և թափվում է Կասպից ծով: Գետի կենդանական աշխարհը շատ հարուստ է. այստեղ է «բնակվում» իշխան ձուկը, որը անկրկնելի համեղ է:


Արփա գետ
Արփան հոսում է գեղատեսիլ կիրճով` կտրուկ ժայռոտ տարածքներով և հիանալի կանաչ կղզյակներով: Արփա գետի ուղին ընկնում է Ջերմուկի ջրվեժից ոչ հեռու, որը մասամբ սնվում է տեղական հանքային աղբյուրների ջրերով: Այս գետի ափերին կան մեծ թվով պատմական և ճարտարապետական տեսարժան վայրեր:


Դեբեդ գետ
Հզոր հոսանք և մի քանի վտանգավոր հատվածներ ունեցող արագ լեռնային գետ է: Դեբեդի ափերին կարող եք տեսնել մի քանի հնագույն վանքեր, որոնք այսօր պատմական հուշարձաններ են: Ալավերդի քաղաքի գետի հատվածում գտնվում է միջնադարյան Սանահինի կամուրջը (12-րդ դար):


Որոտան գետ
Որոտան գետի անունը լիովին արտացոլում է նրա բուռն «բնավորությունը»: Որոտանը սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից և թափվում է Արաքս գետը: Գետի մոտակայքում կան բազմաթիվ բնական և պատմական տեսարժան վայրեր: Հետաքրքրական է բնության հրաշալիք «Սատանի կամուրջը», ինչպես նաև վեհաշուք Շաքիի ջրվեժը:


Ձորագետ
Ձորագետը Դեբեդ գետի վտակն է: Ձորագետը կհետաքրքրի էքստրեմալ սպորտի սիրահարներին, քանի որ իր հսկայական տարածքը հարմար է ռաֆթինգի համար: Գետի այդ հատվածը հոսում է խորը ձորի հատակով` կտրուկ ժայռերով, որոնց բարձրությունը 100-300 մետր է:


Հրազդան գետ
Հրազդան գետը Հայաստանի ամենաերկար գետերի ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը: Հրազդանը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում է Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական մասով և թափվում է Արաքս գետը: Երևանի տարածքում Դուք կարող եք հիանալ Հրազդան գետի կիրճի գեղատեսիլ տեսարանով: Գետի վրա կառուցվել են մի քանի կամուրջներ:


Ախուրյան գետ
Ախուրյանը բավականին խոշոր գետ է և զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանի ամենաջրառատ գետերի ցանկում: Ախուրյանը առանձնանում է համեմատաբար դանդաղ հունով, մանավանդ գետաբերանի հատվածում՝ անցնելով ճահճոտ մարգագետիններով: Գետի մի կողմում գտնվում է Գյումրի քաղաքը, մյուս կողմում` Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակները:


Ազատ գետ
Գեղամա լեռնաշղթայի լանջից սկիզբ առնող գեղեցիկ լեռնային գետ է: Ազատ գետի վերին մասում, ափից ոչ հեռու, գտնվում է ժայռռակերտ Գեղարդի վանքը: Ներքևի մասում, աջ ափին գտնվում է Գառնի գյուղը, որի մերձակայքում է գտնվում համանուն հեթանոսական տաճարը:


Աղստև Գետ
Աղստև գետը Կուր գետի վտակն է և սկիզբ է առնում Փամբակի լեռներից: Գետի գեղատեսիլ ափերը ծածկված են թավշյա կանաչով: Տեղ-տեղ ջրի մեջ կարող եք տեսնել մեծ քարեր, որոնք գետի լանդշաֆտին տալիս են յուրահատուկ, խիստ գեղեցկություն:


Քասախ գետ
Քարքարոտ, բուռն գետ է, սկիզբ է առնում Արագած լեռան լանջից՝ ավելի քան 3000 մետր բարձրությունից: Քասախ գետի ափին գտնվում են 13-րդ դարի Սաղմոսավանք և Հովհանավանք վանական համալիրները, ինչպես նաև ավելի հինավուրց Աստվածընկալ վանքը (V — VIII դար): Ապարանի ջրամբարը գտնվում է Քասախ գետի վրա:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: