Երևան. զգաˊ ջերմությունը… Այս արտահայտությամբ է դիմավորում բոլորին Երևանի կենտրոնում կանգնած երկհարկանի, կարմիր ավտոբուսը: Իսկ այդ արտահայտությունը պատահական չէ: Կարևոր չէ՝ ինչով եք ժամանում Երևան (ինքնաթիռ, մեքենա, հեծանիվ), հենց ոտք եք դնում այս փոքրիկ քաղաքում, զգում եք ջերմությունը: Ու խոսքը բոլորովին էլ ամառվա տապի մասին չէ: Այլ այն ջերմության, որ ստիպում են զգալ տեղացիներն ու քաղաքն ինքը:

Սա մի երկրի մայրաքաղաք է, որի պատմությունը թվագրվում է ոչ թե հարյուրամյակներով, այլ հազարամյակներով: Համարվում է քրիստոնեության օրրան: Իսկ եթե այն բազմաթիվ հաջողակներից եք, որոնց այցելության ժամանակ լավ եղանակ է, քաղաքի գրեթե բոլոր անկյուններից կարող եք վայելել Արարատի վեհաշուք գեղեցկությունը:

Քաղաքը տեսնելու ու ճանաչելու համար պետք է մոռանաք ժամանակի մասին (չնայած քաղաքն ինքը կստիպի դա անել) ու քայլեք: Թերևս “քայլարշավը” սկսելու լավագույն սկիզբը Մաշտոցի պողոտան է: Ձախ մասում Ձեզ կդիմավորի դեռևս նախորդ դարի 50-ական թթ. կառուցված Փակ շուկան, իսկ աջում՝ 18-րդ դարի Կապույտ մզկիթը:

Արվեստի սիրահարներին անպայման կհետաքրքրեն Փարաջանովի տուն-թանգարանը և ժամանակակից արվեստների թանգարանը, որոնք գտնվում են Փակ շուկային մոտ:

Ավելի վերևում՝ Մաշտոցի պուրակում կա մի դաշնամուր, որը կարող են նվագել բոլոր ցանկացողները, իսկ ունկնդիրների համար հաճելի կլինի նաև, եթե նվագեն նվագել իմացողները:

Իսկ պողոտայի մեջտեղում հպարտ կանգնած է հայ ժողովրդի փառքն ու հզոր ապագան խորհրդանշող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ շրջապատված հայ հայտնիների արձաններով:

Օպերայի հարևանությամբ է գտնվում սպիտակ աստիճանների թագավորությունը՝ Կասկադը իր թանգարաններով, շատրվաններով, ծաղկանոցներով ու հարթաքանդակներով։ Շատ հաճախ այն վերածվում է քաղաքի մշակությային կյանքը ամփոփող կենտրոնի: Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը այստեղ ծանոթ ու անծանոթի իրենց շուրջն են հավաքում ազգային պարերը, երգն ու երաժշտությունը: Ոգին, որ տիրում է Կասկադում այդ օրերին, շշմելու է:

Աստիճաններով բարձրանալու դեպքում Ձեր կամքից անկախ կհայտնվեք Հաղթանակի զբոսայգում, որտեղից քաղաքը հսկում է “Մայր Հայաստան”-ը:

Իսկ Մաշտոցի պողոտայի վերջնակետում չպետք է մոռանալ ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկի՝ Մատենադարանի մասին:

Մատենադարանից հետո արժե քայլել Աբովյանով՝ քաղաքի հնագույն փողոցներից մեկով, ուր եղել են ու կան բազմաթիվ մշակութային նշանակության կենտրոններ: Երևանի պատմության մասին շատ բան չեք իմանա, եթե չայցելեք Էրեբունի թանգարանն ու Արին-բերդը, ուր դեռևս 2798 տարի առաջ կառուցվել է Էրեբունի ամրոցը: Իսկ ճանապարհին կտեսնեք Սասունցի Դավթի արձանը՝ էպոսի հերոսի, որի կերպարը մարմնավորում է մի ամբողջ ազգի ուժն ու լավագույն ձգտումները:

Հաղթանակի զբոսայգին քիչ է, ունենք նաև Հաղթանակի կամուրջ՝ ի պատիվ 2-րդ Համաշխարհայինում Գերմանիայի դեմ ԽՍՀՄ տարած հաղթանակի: Հաղթանակի կամրջով անցնելն ու Արարատ կոնյակի գործարանում հայկական կոնյակի պատմությանը չծանոթանալը անթույլատրելի է:

Իսկ այստեղից անպայման ձեր հետաքրքրությունը կշարժի 44 մ. բարձրությամբ կոթողը, որը կառուցվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին ու ամփոփում է նախորդ դարասկզբի պատմական իրադարձությունները:

Քաղաքը երկու մասի բաժանող Հրազդան գետի ափին՝ Ծիծեռնակաբերդի բլրին է գտնվում նաև Մարզահամերգային համալիրը, որն առանձնանում է իր ճարտարապետական շքեղությամբ:

Օրվա մոտեցող ավարտը կարելի է անցկացնել քաղաքի գլխավոր ճարտարապետական համակառույցում՝ Հանրապետության հրապարակում, ուր խոշոր ջրավազանն իր “երգող” շատրվաններով լրացնում է հրապարակի գեղագիտական արտահայտչականությունը:

Այսքանից հետո հաստատ կսիրահարվեք Երևանին ու կսկսեք ուղղակի քայլել փողոցներով, կնայեք մարդկանց, կհանգստանաք բազմաթիվ այգիներից մեկում, կձուլվեք քաղաքին ու կդառնաք նրա ներկապնակի գույներից մեկը: Իսկ Երևանի ներկապնակում գույներն անթիվ են…
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: