Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Գեղարդ վանական համալիր անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Գեղարդ վանական համալիրի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Գեղարդ վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին։
Ըստ ավանդության, Գեղարդի համալիրի հյուսիսային մասում տեղակայված քարայրային վանքում պահվում էր մի շատ թանկարժեք գանձ: Իրականում ժամանակի ճարտարապետները, օգտագործելով երդիկից եկեղեցի մտնող լուսային էֆեկտները, կարողացել են լույսին տալ կլորավուն ադամանդի տեսք։ Լենկթեմուրը, իմանալով այդ մասին, ցանկանում է վերցնել գանձը, սակայն մոտենալով նրան՝ փակում է լույսի ճանապարհը սեփական ստվերով, ինչի արդյունքում գանձն «անհետանում է»։ Հեռանալով՝ նա կրկին տեսնում է գանձը, այդպես նա մոտենում է երեք անգամ։ Հրաշքով հիացած Լենկթեմուրը որոշում է չավերել վանքը և հեռանում է։ 1679-ին Գառնիում տեղի ունեցած երկրաշարժից հետո գանձ-ադամանդը անհետանում է։
Բացի վանական համալիրի կառուցման մասին պաշտոնական վարկածից, կա նաև մի հետաքրքիր ավանդություն, որի համաձայն ազնվական ծագում ունեցող մի քույր և եղբայր որոշել էին թողնել աշխարհիկ կյանքը և կիրճում կառուցել մի եկեղեցի: Նրանք Աստծուց օգնություն խնդրեցին և, առավոտյան արթնանալով, տեսան մի մարկեղ (հողը փորելու և փխրեցնելու երկրագործական ձեռքի գործիք)՝ լեռան գագաթից դուրս ցցված: Ժրաջան աշխատելով՝ նրարնք ժայռափոր եկեղեցի կառուցեցին, որտեղ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը:
ԳԱՌՆՈՒ ԿԻՐՃ, ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ
7 կմ
ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ
10 կմ
ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ
22 կմ