Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը», բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Գառնու կիրճ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Գառնու կիրճի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Գառնու կիրճ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում։
ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը` «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում։
ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ
5 կմ
ՀԱՎՈՒՑ ԹԱՌԻ ՎԱՆՔ
10 կմ
ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ
15 կմ