Պլանավորում եք ամառային արձակուրդ, բայց դեռ չեք որոշել՝ ո՞ր ուղղությամբ: Եկեք միասին պարզենք՝ որն է ամենայցելվող երկիրն աշխարհում 2020 թվականին:
Ամառային արձակուրդը պլանավորելիս շատերը հաճախ ընտրում են ամենահայտնի և ճանաչված երկրները: Սակայն կան նաև զբոսաշրջիկներ, ովքեր հետաքրքրված են ավելի էկզոտիկ ուղղություններով, որոնք թույլ են տալիս անդրադառնալ անծանոթ մշակույթներին և զարգացնել մտահորիզոնը: Այսպես թե այնպես, ըստ վիճակագրական տվյալների մի շարք երկրներ աշխարհում շարունակում են մնալ ամենաբարձր պահանջարկ ունեցողը. նրանց այցելելու ցանկություն ունեցող մարդկանց քանակը երբեք չի նվազում, այլ ընդհակառակը` աճում է: Եկեք միասին պարզենք, թե որո՞նք են այդ երկրները, որ ներառված են աշխարհի ամենասիրված 7 զբոսաշրջային ուղղությունների ցանկում:
1-ին տեղ՝ Ֆրանսիա
Երազանքների, սիրո և ռոմանտիկայի երկիրը տարեկան ընդունում է ավելի քան 93 միլիոն զբոսաշրջիկի: Մարդկանց գրավում է հատկապես Ֆրանսիայի յուրահատուկ մթնոլորտը: Զբոսաշրջիկների մեծ մասը այցելում է Փարիզ, որպեսզի հիանա Էյֆելյան աշտարակով, շրջի Մոնմարտրի գեղեցիկ փողոցներով, այցելի Լուվր, գնումներ կատարի Շանզ Էլիզեում և դիմավորի մայրամուտը Սենի ափին:
2-րդ տեղ` Իսպանիա
Իսպանիան տարեկան ընդունում է 82,8 մլն զբոսաշրջիկի: Մարդիկ գնում են այս երկիր Միջերկրածովյան հանգստավայրերում հանգստանալու համար, այցելում են Մադրիդ և Բարսելոնա քաղաքներ, մասնակցում են դիմակահանդեսներին և ականատեսն են դառնում հայտնի իսպանական ցլամարտին: Իսպանիան նաև հիասքանչ ուղղություն է բնության սիրահարների համար, քանի որ այստեղ են գտնվում շուրջ 15 ազգային պարկեր:
3-րդ տեղ` ԱՄՆ
Տարեկան մոտ 82,2 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ն հետաքրքիր ու բազմակողմանի երկիր է, որը կարող է գրավել նույնիսկ փորձառու զբոսաշրջիկներին: Զբոսաշրջիկներն այցելում են ինչպես խոշոր քաղաքներ (Նյու Յորք, Լոս Անջելես, Լաս Վեգաս), այնպես էլ երկրի բնական տեսարժան վայրեր (Grand Canyon, Yellowstone Park):
4-րդ տեղ` Չինաստան
Չինաստանը տարեկան ընդունում է շուրջ 62, 9 միլիոն զբոսաշրջիկի: Զբոսաշրջության մակարդակը և այս հետաքրքիր ասիական երկիր այցելել ցանկացող մարդկանց թիվը կայուն աճում է: Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն Չինաստանի Մեծ պատը, Շաոլինի տաճարը և այլ հայտնի վայրեր, այլև չինական յուրօրինակ սովորույթներն ու յուրահատուկ ազգային խոհանոցը:
5-րդ տեղ` Իտալիա
Իտալիան բազմաթիվ զբոսաշրջիկների երազանքն է: Տարեկան 62.1 միլիոն զբոսաշրջիկ է այցելում եվրոպական հայտնի երկիր: Նրանք, ովքեր ցանկանում են ունենալ լավ հանգիստ, կարող են շրջագայել Միջերկրական ծովի ափին, իսկ պատմական ուսումնասիրությունների սիրահարները հնարավորություն ունեն այցելելու հրաշալի թանգարաններ և տեսնելու Մեծ հռոմեական կայսրության ժամանակաշրջանի կամ Վերածննդի բազմաթիվ հուշարձաններ:
6-րդ տեղ` Թուրքիա
Աշխարհի ամենաայցելվող երկրների ցանկում Թուրքիան զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ տարեկան շուրջ 45.8 միլիոն զբոսաշրջիկով: Մարդիկ այստեղ են գալիս ծովափնյա հանգստի համար՝ Էգեյան և Միջերկրական ծովերի ափերին: Թուրքիան նաև գրավում է զբոսաշրջիկներին իր պատմական և ճարտարապետական հուշարձանների առատությամբ:
7-րդ տեղ` Մեքսիկա
Տարեկան 41.4 միլիոն մարդ է այցելում կոլորիտային Մեքսիկա: Զբոսաշրջությունը առավել զարգացած է Յուկատան թերակղզու տարածքում: Այստեղ դուք կարող եք ունենալ անմոռանալի ծովափնյա հանգիստ գրավիչ լողափերում, այցելել արևադարձային անտառներ և տեսնել մայաների քաղաքակրթությունից մնացած եզակի շենքերն ու հուշարձանները:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: