Հաղպատ վանական համալիրը գտնվում է Հայաստանի հյուսիսում` նույնանուն գյուղում: Համալիրը բաղկացած է մի շարք կառույցներից`զանգակատնից, ժամատնից, գավթից, եկեղեցիներից, սեղանատնից և գրատնից: Շինությունները կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում, դրանցից ամենավաղը թվագրվում է 10-րդ դարով: Հաղպատը ծառայել է ոչ միայն որպես կրոնական, այլև որպես խոշոր կրթական կենտրոն: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում: Այստեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին և ուրիշներ։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Հաղպատ վանական համալիր անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Հաղպատ վանական համալիրի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հաղպատ վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ըստ ավանդության՝ Սանահինի բնակավայրում գտնվող իշխաններից մեկը անվանի վարպետներից մեկին հրավիրում է վանք կառուցելու: Այսպիսով վարպետն ու իր որդին սկսում են աշխատանքը։ Գործի ընթացքում դառը վիճաբանություն է առաջանում հոր և որդու միջև: Որդին բարկացած դադարում է աշխատանքը և հեռանում: Որոշ ժամանակ անց լուրեր են տարածվում, որ մի երիտասարդ վարպետ մեկ այլ իշխանի հրամանով վանք է կառուցում։ Երբ նորակառույց վանքի պատերը տեսանելի են դառնում Սանահինից, մարդիկ այդ մասին պատմում են տարեց վարպետին: Վերջինս որոշում է գնալ և տեսնել, թե ինչու են բոլորը այդքան խոսում նոր վանքի մասին․ վանքի մոտ հավաքված ամբոխը լուռ կանգնած սպասում էր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա բռունցքը քարին սեղմելով, ասաց. «Ա՛խ, պատ»: Հիացած որդու աշխատանքով՝ հայրը մոռանում է խռովության մասին և նրանք ջերմ գրկախառվում են․ դրանից հետո վանքը կոչվում է Հաղպատ։
Հաղպատը Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկն է: Համալիրի կառույցները միջնադարյան հայկական ճարտարապետության վառ օրինակ են և հիանալի կերպով ներկայացնում են այդ ժամանակաշրջանի առանձնահատկությունները։ Վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
11-րդ դ․ հիմնադրված Հաղպատի գրատունը հայկական ձեռագրերի ամենահարուստ գանձարաններից էր։ 14-15-րդ դդ․ վանքի ձեռագրերը կողոպուտից և ոչնչացումից փրկելու նպատակով թաքցվել են մոտակա դժվարամատչելի քարայրերում, իսկ գրատունը վերածվել է մառանի: Մոռացված ձեռագրերը հայտնաբերվել են 18-րդ դարի վերջին քառորդին, Աբրահամ Թեքերտաղցի առաջնորդի ժամանակ: Վերջինս այրել է քայքայված ձեռագրերը՝ որպես գործածության համար ոչ պիտանի:
ԱԽԹԱԼԱՅԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
23 կմ
ՍԱՆԱՀԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
25 կմ
ՕՁՈՒՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
29 կմ