Սաղմոսավանքը հայկական առաքելական վանական համալիր է, որը տեղակայված է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախ գետի ձախ՝ բարձրադիր գեղատեսիլ հատվածում: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ 1215 թվականին Վաչե Վաչուտյանն իր կնոջ՝ Մամախաթունի հետ կառուցում են Սաղմոսավանքի գլխավոր` Սուրբ Սիոն եկեղեցին, որն արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է, բոլոր անկյուններում ունի երկհարկ ավանդատներ։ Սաղմոսավանքի գավիթը կառուցվում է 13-րդ դարի առաջին քառորդում։ Սուրբ Սիոն եկեղեցուց հարավ տեղակայված է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված Վաչե Վաչուտյան իշխանի որդու՝ Քուրդ Վաչուտյանի կողմից 1235 թ:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Սաղմոսավանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Սաղմոսավանքի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սաղմոսավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
1255 թվականին Քուրդ Վաչուտյան իշխանը կառուցում է այստեղ գրատուն-եկեղեցի, որն իր հորինվածքով պատկանում է յուրօրինակ հայկական կառույցների թվին: Գրատունը Քուրդ իշխանը կառուցում է կնոջ՝ Խորիշահի խնդրանքով՝ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին: Գրատուն-եկեղեցու արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում` երկհարկանի ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում: Գրատնից երկու մուտք է բացվում դեպի գավիթ և 1235 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ընդ որում այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից: 13-րդ դարում այս գրատանը 120 ձեռագիր մատյան է պահվել:
Ավանդության համաձայն այստեղ շատ ավելի վաղ շրջանում արդեն իսկ գործում էր հոգևոր կենտրոն։ Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատելով այս վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի է կառուցում: Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցնում։
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ (ՏԱՌԵՐԻ ՊՈՒՐԱԿ)
4.6 կմ
ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
9 կմ
ՄՈՒՂՆՈՒ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
11 կմ