Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին 13-15-րդ դդ. եղել է հայտնի ուխտատեղի, որտեղ նաև ձեռագրեր են ընդօրինակվել։ 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը։ 2000 թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հոգածությամբ։ 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։
Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666 թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը։ 1734 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանք ուխտի է եկել կաթողիկոս Աբրահամ Բ Խոշաբեցին։ 1811 թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել՝ խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում։
Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են։ Հարավային մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով։ Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է։
ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
14.9 կմ
ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ
21 կմ
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ (ՏԱՌԵՐԻ ՊՈՒՐԱԿ)
22 կմ