Ծաղկաձորի անունը արդեն իսկ հուշում է իր գեղեցկության և շքեղության մասին: Անունը բառացիորեն նշանակում է «ծաղիկների կիրճ»: Այսօր այն ժամանակակից առողջարանային քաղաք է․ կլիման մեղմ է, առողջարար, ինչի շնորհիվ տարվա ցանկացած եղանակին էլ քաղաքը սիրով ընդունում է բազում հյուրերի։ Բարձրակարգ հյուրանոցները, լեռնադահուկային հանգստյան գոտիները, մաքուր օդը և գեղեցիկ բնապատկերները հանդիսանում են Ծաղկաձոր քաղաքի այցեքարտը: Քաղաքը անտարբեր չի թողնի նաև պատմության սիրահարներին: Հայկական ճարտարապետության հետաքրքիր հուշարձաններից մեկը՝ Կեչառիս վանական համալիրը, տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Ծաղկաձոր անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Ծաղկաձորի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ծաղկաձոր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։ 15-րդ դարում վերանվանվել է Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքական թարգմանությունն է։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը։
Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց։ Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում։ Այդպես էլ արվում է։ Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ։ Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր։ Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն։ Կառուցվում է Կեչառիսի վանքը։ Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ տարածաշրջանով։
Ծաղկաձորի ճոպանուղին ձգվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մետր բարձրության վրա: Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թվականից: 2004-2007 թվականներին («LEITNER») ընկերությունը ճոպանուղին ամբողջությամբ փոխարինել է նոր, ժամանակակից ճոպանուղիով՝ զինված լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և ապահով հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Կառուցվել են ճոպանուղու 5 կայաններ և շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ:
ԲՋՆԻ ԳՅՈՒՂ
30 կմ
ՍԵՎԱՆԱՎԱՆՔ
38 կմ
ՍԵՎԱՆԱ ԼԻՃ
40 km