Խնձորեսկը յուրօրինակ տեսարժան վայր է, որը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները: Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել, որը պահպանվել է սովետական պետության կողմից։ «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան,— ասել է Մարտիրոս Սարյանը ՀՍՍՀ Գերագույն սովետի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանում,— այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»։ Խնձորեսկի պատմությունը և բնությունը արտացոլվել են մի շարք հայ գրողների ու նկարիչների (Րաֆֆի, Սերո Խանզադյան, Ս. Այվազյան, Մ. Մարյան, Է. Իսաբեկյան, Խ. Եսայան, Հ. Ռուխկյան, Դ. Խանջյան) գործերում։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Խնձորեսկ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Խնձորեսկի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Խնձորեսկ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկ նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձորեսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են. այդտեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։
Հին և Նոր Խնձորեսկը, միացված են երկար ճոճվող կամուրջով, որից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիներ: Կամուրջը կառուցվել է 2012 թ.-ին տեղական գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մետր, իսկ քաշը՝ 14 տոննա: Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշով մոտ 700 մարդու:
Խնձորեսկը Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղն էր: Գյուղի բնակչությունը XIX դարում կազմել է 4200, իսկ XX դարի սկզբին՝ 8,300 մարդ: 1913-ին գյուղն ուներ 27 խանութ, 3 արտադրամաս և 7 դպրոց, երկու պարախմբային դպրոց, իսկ մնացածը՝ մասնավոր: Գյուղում չորս եկեղեցի կար՝ Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Թագևոս, անապատ և հին:
ՔԱՐԱՀՈՒՆՋ
26.5 կմ
ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
44 կմ
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ
48.6 կմ