Հայաստանում կան շատ գեղեցիկ ջրվեժներ, որոնցից ամենահզորը Թռչկանի ջրվեժն է Չիչխան գետի վրա: Շրջապատված գեղատեսիլ բնությամբ՝ ջրվեժը երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և տեղացիների համար նախընտրելի հանգստի վայր: Հետաքրքրական է ջրվեժի անվան ծագումը: Անվան հիմքում ընկած է «թռչել» բառի արմատը: Այստեղ հնարավոր է տեսնել անսովոր մի երևույթ` մեծ թվով ձկներ դուրս են ցատկում ջրից՝ անմիջապես ջրվեժի վերևում, և թվում է, թե ձկները «թռչում են»։ Սակայն այս երևույթը շատ պարզ և հասկանալի բացատրություն ունի․ գետի բնակիչ՝ կարմրախայտ ձուկը, ձկնկիթ դնելու ժամանակ սովորաբար լողում է գետի հոսանքին հակառակ, և ստեղծվում է տպավորություն որ այն դուրս է թռչում ջրից։ Տեղացիները ջրվեժը նաև անվանում են Չռան:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Թռչկանի ջրվեժ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Թռչկանի ջրվեժի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Թռչկանի ջրվեժ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Թռչկանի ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։
Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։
2011թ. հայոց բնապահպանական շարժման տարեգրության մեջ նշանավորվեց որպես Թռչկանի տարի: «Ռոբշին» ՍՊԸ-ն, Թռչկանի ջրվեժի տարածքում՝ Չիչկան գետի հունի վրա հիդրոէլեկտրակայան էր ուզում կառուցել։ Բնապահպանները պնդում էին, որ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում գետի հունը կփոխվի և զգալի վնաս կհասցվի ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը։Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 6-ն ընկած հատվածում մի խումբ բնապահպաններ և հայրենի երկրի բնության ճակատագրով մտահոգ քաղաքացիներ պայքար մղեցին Թռչկան ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի կառուցման դեմ: Պայքարը տվեց իր ցանկալի արդյունքը․ այսօր Թռչկանին ոչ մի վտանգ չի սպառնում:
ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ
52.9 կմ
ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
62.8 կմ
ՀԱՌԻՃԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
81.8 կմ