Գնդեվանքը միջնադարյան հայկական ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից է: Հեքիաթային գեղեցկություն ունեցող այս վայրում Գնդեվանքը շրջակա բնության հետ մի ամբողջականություն է կազմում: Վանքը բավականին մոտ է Ջերմուկ հանգստավայրին: Եկեղեցական համալիրը կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Վանքը կառուցված է սրբատաշ բազալտից, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եկեղեցում պահպանվել է Քրիստոսի, ինչպես նաև Ասվածամոր որմնանկարների հատվածներ: Գնդեվանքի բակում կան X-XVIդդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Գնդեվանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Գնդեվանքի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Գնդեվանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Մեզ հասած ավանդության համաձայն, Սյունիքի իշխանուհի Սոփիան (Սոֆիա) 40 օրվա ընթացքում վանք է կառուցել՝ վաճառելով իր վերջին հարստությունը՝ զորքերը, որի կապակցությամբ այն անվանվել է Գնդեվանք (Գունդ - զորքեր):
Ստեփանոս Օրբելյանի վկայության համաձայն, վաղ ժամանակներում վանքի տեղում եղել է ուխտավայր: Վայրի դիրքը, բնական գեղեցկությունը հրապուրում են Սյունյաց Սոփյա իշխանուհուն և նա որոշում է եկեղեցի կառուցել: Շինարարական աշխատանքները ղեկավարում է Եղիշե նկարիչը, որը միաժամանակ նկարազարդում է եկեղեցու պատերն ու առաստաղը:
Ստեփանոս Օրբելյանի առաջարկած մեկ այլ վարկածի համաձայն՝ այստեղ մեծամեծ ճգնությամբ աչքի է ընկել Գնդունի անունով վանահայր, ում անունով էլ վանքը կոչվել է Գնդեվանք։
ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐՎԵԺ
16 կմ
ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
53 կմ
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ
64 կմ