Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկ քաղաքում: Քաղաքը տեղակայված է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում): Ջերմուկի ջրվեժն ունի 72մ բարձրություն և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այստեղից էլ գալիս է ջրվեժի մեկ այլ անուն՝ Ջրահարսի վարսեր:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Ջերմուկի ջրվեժ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Ջերմուկի ջրվեժի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ջերմուկի ջրվեժ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Մեզ է հասել ջրվեժի մասին մի հետաքրքիր ավանդություն: Իբրև թե ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվող ամրոցում ապրում էր մի իշխան, ով ուներ շատ գեղեցիկ մի դուստր: Նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
ՋԵՐՄՈՒԿԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ
2 կմ
ԳՆԴԵՎԱՆՔ
16 կմ
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
50 կմ