Բլոգ
7 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ
Դիլիջանն ամառային հանգստի ամենասիրված վայրերից մեկն է: Այն նաև անվանում են Հայաստանի «մշակութային և մտավոր մայրաքաղաք»:
Դիլիջանը տեղակայված է Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի քաղաքները կապող ճանապարհի վրա: Քաղաքը համարվում է կլիմայական և բալնեոլոգիական հանգստյան գոտի: Բոլոր կողմերից քաղաքը շրջապատված է խիտ անտառներով, որոնց շնորհիվ օդն այստեղ բյուրեղյա մաքրություն ունի, իսկ Դիլիջանի բուժիչ հանքային ջրերը արտահանվում են մի շարք տարբեր երկրներ:
Եկե՛ք տեսնեք, թե որ վայրերն է հարկավոր այցելել դեպի Դիլիջան Ձեր ճանապարհորդության ընթացքում:
1. Հաղարծին վանական համալիր
Վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում: Հնում այստեղ էր գտնվում Հաղարծին գյուղը, որից այժմ միայն ավերակներ են մնացել: Վանական համալիրն իր անունը ստացել է գյուղից: Հաղարծնի ամենահին կառույցները թվագրվում են 10-րդ դարով: Վանական համալիրը ներառում է 3 եկեղեցիներ՝ Սբ. Աստվածածին, Սբ. Գրիգոր ր Սբ. Ստեփանոս: Հաղարծնի տարածքում պահմանվել են հնագույն դամբարանների մնացորդներ: Այստեղ կարելի է տեսնել նաև յուրահատուկ գեղեցկության խաչքարներ:
2. Դիլիջան ազգային պարկ
Դիլիջան ազգային պարկը հիմնադրվել է 1958 թվականին: Պարկը զբաղեցնում է 28.000 հա տարածք, որը ներառում է նաև Դիլիջան քաղաքը: Այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ լեռնային լճեր և բուժիչ հանքային աղբյուրներ: Պարկի տարածքում կարելի է տեսնել նաև մի քանի հին վանական համալիրներ և գերեզմաններ, որոնք համարվում են պատմական հուշարձաններ:
3. Պատմական Շարամբեյան փողոցը (Ատաղձագործների փողոց)
Դիլիջան քաղաքի կենտրոնում Դուք կտեսնեք վերակառուցված տներով մի հետաքրքիր թաղամաս: Հարմարավետ վերնահարկերը և փայտյա պատշգամբները ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ և տեղափոխում են Ձեզ մի քանի դար հետ: Այստեղ կարող եք տեսնել հին քաղաքի կենցաղը, իրական ատաղձագործների, հացթուխների, բրուտների և ոսկերիչների աշխատանքներ: Դուք նույնիսկ կարող եք Ձեր ձեռքերով պատրաստել որևէ բան և տանել Ձեզ հետ:
4. Գոշավանք վանական համալիր
Գոշավանք վանական համալիրը կրում է հայ հայտնի գրող և գիտնական Մխիթար Գոշի անունը, ով մեծ ակտիվությամբ մասնակցել է վանական համալիրի կառուցման աշխատանքին՝ 1188 թվականին: Ժամանակին Գոշավանքը Հայաստանի ամենամեծ հոգևոր կենտրոններից մեկն էր:
5. «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձան
Բոլոր նրանք, ովքեր տեսել են այս հիասքանչ ֆիլմը, անշուշտ, հիշում են այս նախադասությունը. «Մեզ մոտ՝ Դիլիջանում, ծորակից հոսող ջուրը աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում»: Լեգենդար ֆիլմի սիրելի հերոսների հիշատակին քաղաքում կանգնեցվել է հուշարձան:
6. Պարզ լիճ
Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում: Այն գեղեցիկ լեռնային լճակ է՝ շրջապատված գեղատեսիլ անտառներով: Լճի տարածքում կա հանգստյան գոտի, որտեղ կարելի է նավարկել կամ պարզապես հանգստանալ լճի ափին և հիանալ չքնաղ գեղեցկությամբ:
7. Մաթոսավանք վանական համալիր
Մաթոսավանք վանական համալիրը 13-րդ դարի կառույց է, որը գտնվում է Դիլիջանից ոչ շատ հեռու: Վանական համալիրի հին պատերը և տարածքի խաչքարերը պատված են կանաչ մամուռով: Կառույցի մի մասը կիսաքանդ վիճակում է. մթնոլորտը ասյտեղ շատ խորհրդավոր է և նույնիսկ մի փոքր սարսափազդու:
Դիլիջանը բավականին հին քաղաք է: Այստեղ կարելի է տեսնել հին տներ և արհեստագործական խանութներ, որոնք աշխատում են ճիշտ այնպես ինչպես հարյուրավոր տարիներ առաջ՝ պահպանելով հնագույն արվեստների ավանդույթները: Քաղաքը հարուստ է ինչպես բնական, այնպես նաև պատմամշակութային արժեքներով:
Այս հրաշալի քաղաքը առաջարկում է մի շարք հնարավորություններ՝ բացահայտելու նրա գեղեցկությունը, պատմությունը և մշակույթը:
Եթե ցանկանում եք այցելել և տեսնել Դիլիջանի գեղեցկությունը, ապա կարող եք միանալ մեր խմբային կամ անհատական տուրերին։