Վահանավանք վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք: Հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ իշխան Ձագիկի որդի Վահանը X դ.: Նրա անունով էլ վանքը կոչվել է Վահանավանք: Վանական համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, գավթից, սյունասրահից և Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցուց: Համալիրի եկեղեցին, գավիթը և սյունասրահը 1046 թ. վերակառուցել է Իշխանաց իշխան Գրիգորը: Վահանավանքը հարուստ է վիմական արձանագրություններով: Բազմաթիվ խաչքարերի և տապանաքարերի վրա պահպանված վիմագրերը վկայում են, որ Վահանավանքը եղել է Սյունյաց և Աղվանից աշխարհի թագավորական, իշխանական տոհմերի պանթեոն:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Վահանավանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Վահանավանքի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Վահանավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Վանական համալիրը հայտնի մշակութային կենտրոն էր: Վանքի տարածքում գործում էր վանական դպրոց, որտեղ ուսանել է կաթողիկոս Վահան Ա Սյունեցին: Ըստ վիմագրական տեղեկության վանքի տարածքում եղել են ևս երկու եկեղեցիներ` Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը դեռևս պարզված չէ:
Այստեղ ուսանելու են եկել նաև Սյունիքի տարբեր բնակավայրերից: Նյութապես հզոր վանական համալիր է եղել, ունեցել է սեփական գյուղեր, մեծ հողային տարածքներ:
Հուշարձանախմբի տարածքում պահպանվել են նաև ընդարձակ գերեզմանոցի, աղբյուրի և բնակելի շենքերի մնացորդներ, որոնք վկայում են երբեմնի խոշոր վանական համալիրի գոյության մասին: 1966 թվականից վանքի տարածքում պարբերաբար կատարվել են պեղումներ (ղեկ. Գ. Գրիգորյան):
ԲԱՂԱԲԵՐԴ
7 կմ
ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ
7 կմ
ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
59 կմ