Տաթևի Վանական Համալիր

location

Մարզ

Սյունիք

location

Հեռավորությունը Երևանից

253.6 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Տաթեւի վանքը գտնվում է Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում։ Միջնադարում այն դարձել է հոգեւոր, մշակութային եւ քաղաքական նշանակություն ունեցող խոշոր կենտրոն։ Սյունիքի իշխանները, լինելով Արշակունյաց արքայատոհմին մոտ կանգնած ազնվականներ, մեծապես նպաստել են վանական կյանքի ծաղկմանը՝ վանքին նվիրելով կալվածքներ, հողատարածքներ, գյուղեր եւ կառուցելով եկեղեցիներ։ Վանական համալիրի առաջին կառույցները կանգնեցվել են 4-րդ դարից՝ Հայաստանի քրիստոնեացման շրջանից։ 9-րդ դարից սկսած Տաթեւը վերածվել է վանական համալիրի։ 844 թվականին վանքը պաշտոնապես հիմնադրվել է Տաթեւ գյուղի տարածքում՝ Դավիթ եպիսկոպոսի կողմից։ Կառուցվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (848 թվական), ապա՝ Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին (895-906 թվականներ), որն իր ծավալով, ճարտարապետական կառուցվածքով ու ներքին հարդարմամբ բացառիկ արժեք ունի։ Եկեղեցու կառուցման ժամանակ նրա հիմքերում տեղադրվել են Պողոս եւ Պետրոս առաքյալների մասունքները։ Հարավային մուտքի դիմաց կանգնեցվել է ճարտարապետական յուրօրինակ հուշակոթող «Գավազանը», որը ճոճվելու հատկություն ուներ՝ կառուցված լինելով շարժուն հիմքի վրա։ Տաթեւի վանքը պարսպապատվել է, կառուցվել են գավիթ, գանձատուն, գրատուն, թաքստոցներ, սեղանատուն, արհեստանոցներ, խցեր եւ տապանատներ։ Վանքը, հատկապես 9-11-րդ դարերում, ունեցել է շուրջ 500 միաբան, գործել է վարդապետարան, որը հետագայում վերածվել է համալսարանի։ 1170 թվականին սելջուկ-թուրքական ներխուժումների արդյունքում Սյունիքի թագավորությունը կործանվել է, Տաթեւի վանքը ենթարկվել է ավերածությունների, այրվել է գրադարանը՝ կործանվել են մոտ 10,000 ձեռագրեր։ Վանքի հոգեւորականները տեղափոխվել են Վայոց ձորի Նորավանք։ Հետագայում՝ 13-րդ դարում, Օրբելյան իշխանների հովանավորությամբ վանքը վերակառուցվել է։ 1280-ական թվականներից Տաթեւի վանքը վերածվել է հակաունիթոր շարժման կենտրոնի՝ պահպանելով հայկական եկեղեցու ինքնությունն ընդդեմ օտար կրոնական հոսանքների։ Տաթեւի համալսարանը, որը պաշտոնապես կազմավորվել է 14-րդ դարում, դարձել է համահայկական մտավոր եւ գիտակրթական կենտրոն։ Այստեղ աշխատել են նշանավոր աստվածաբաններ, փիլիսոփաներ, աստղագետներ, մանրանկարիչներ ու երաժիշտներ։ Մատենադարանը գոյություն է ունեցել մինչեւ 20-րդ դարի սկիզբը։ Տաթեւի գավթում կառուցվել է կամարակապ, երկհարկանի զանգակատուն (14-րդ դար), վանքի բակում՝ մանրանկարչության դպրոց։ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝ 14-րդ դարի վերջին, վանքը կրկին ավերվել է։ Շմավոն եպիսկոպոսը հարկադրված է եղել տեղափոխվել Սանահին։ Սակայն ուշ միջնադարում՝ 17-18-րդ դարերում, վանքը նորից վերելք է ապրել՝ ի շնորհիվ հոգեւոր եւ իշխանական վերնախավի ակտիվության։ 19-րդ դարի վերջից Տաթեւը դարձել է նաեւ ազգային ազատագրական շարժման կարեւոր վայր։ 1919-21 թվականներին Զանգեզուրի ինքնապաշտպանական պայքարի ժամանակ Տաթեւի վանքը դարձել է Գարեգին Նժդեհի գլխավոր հենակետերից մեկը։ Այստեղ տեղի են ունեցել համազանգեզուրյան երկու համագումարներ, որոնց ժամանակ հռչակվել է Լեռնահայաստանի անկախությունը, հետո՝ «Հայաստանի Հանրապետությունը»՝ ընդդեմ խորհրդային իշխանության։ 1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վանքը կրել է զգալի վնասներ։ Խորհրդային տարիներին այն մնացել է հիմնականում լքված, պետական ուշադրությունից դուրս։ Միայն 1970-ականներից սկսած վանքը սկսել է վերականգնվել՝ վերաշինվել են եկեղեցիներն ու գլխավոր գմբեթը, ինչպես նաեւ զանգակատան ստորին հարկը։

Հետաքրքիր

Փաստեր՝ Տաթևի Վանական Համալիր

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
Տաթեւի վանքի անվան շուրջ կա երկու հիմնական վարկած։ Առաջին վարկածը կապված է վանքը կառուցող վարպետի հետ, ով խնդրել է, որ Տերն իրեն «տա թեւ»։ Մյուս վարկածի համաձայն, վանքը կրում է Սբ. Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունը, ով հալածանքների ենթարկվելով տանջամահ է արվել այս տեղանքում։ Նրա գերեզմանի վրա 4-րդ դարում կառուցվել է եկեղեցի, որն օծել է Սբ. Գրիգոր Լուսավորիչը։
fun-fact2
Վանքը ժամանակակից հայկական պետականության վերածննդի կարեւորագույն խորհրդանիշներից մեկն է՝ Գարեգին Նժդեհի գլխավորած ազգային դիմադրության եւ Լեռնահայաստանի հռչակման առանցքային վայր։
location

Եղանակ - Սյունիք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Տաթևի վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Տաթևի Վանական Համալիր

66e3ff4f8509f_Tatevi_Anapat1 (1).png

Տաթևի մեծ Անապատ

0 Կմ

66892fb9c3ff5_տաթևեր2.png

Տաթևեր Ճոպանուղի

16 Կմ

66eaa35d674b0_syunik4.png

ԲՂԵՆՈ-ՆՈՐԱՎԱՆՔ

21 Կմ

66db09d4dd6f9_երիցավանք.png

Երիցավանք

45 Կմ

one-ik

Կապ

Կապ