Էրեբունի ամրոցը, պատմական հուշարձան, գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից: Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանգուցվում են 2 հինավուրց մշակույթներ` ուրարտական և աքեմենյան-իրանական: Էրեբունիի պեղումները բացահայտել են ուրարտական մշակույթի բազմազանությունը բնութագրող հարուստ հնագիտական նյութ՝ Ուրարտուի տնտեսության, կերպարվեստի ու քաղաքաշինության, ի մասնավորի՝ ամրաշինական, պաշտամունքային ու պալատական ճարտարապետության, շինարվեստի, խեցեգործության և այլ բնագավառների վերաբերյալ: Հատկապես ուշադրության են արժանի ամրոցի տարածքից գտնված կոթողային ոճի 23 սեպագիր արձանագրությունները, ինչը բացառիկ երևույթ է ուրարտական ամրոցների մեջ:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Էրեբունի ամրոց անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Էրեբունի ամրոցի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Էրեբունի ամրոց տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Էրեբունի անվան ծագման վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Ըստ վարկածներից մեկի՝ Էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում», մյուսի համաձայն ՝ «անկախների» քաղաք:
Հենց առաջին իսկ տարում այստեղ հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի): Այսօր արդեն 2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ հնագիտական հուշարձանն է Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում
Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական կառույցներով: Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի։
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»ԿԱՅԱՐԱՆ
4 կմ
ՎԵՐՆԻՍԱԺ
6 կմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
7 կմ