wanna check in?

          Հայաստանի մասին

          Բարի գալուստ Հայաստա՛ն։ Հայաստանը մի փոքրիկ հողակտոր է, որը կարողանում է յուրաքանչյուրին ստիպել սիրահարվել օդանավի պատուհանից նետած առաջին իսկ հայացքից, արևով սնուցված այս երկրի վրա դրված առաջին իսկ քայլից։

          Հայաստանը՝ պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունը,  գտնվում է Հայկական բարձրավանդակի հյուսիսային մասում` Կովկասի եւ Փոքր Ասիայի միջև: Հյուսիսից սահմանակցում է Վրաստանի հետ, արևելքում՝ Ադրբեջանին, հարավային սահմանը կիսում է Իրանի հետ և Թուրքիայի հետ ՝ արեւմտյան սահմանը: Հայաստանի տարածքը կազմում է 29,800 կմ2  և  միջինը գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա: Հայաստանը  անձամբ բացահայտելու համար կարող եք միանալ մեզ: Մենք կազմակերպում ենք մեկօրյա տուրեր Հայաստանում:

          Ըստ 2011 թ. մարդահամարի պաշտոնական տվյալների երկրի բնակչությունը կազմում է շուրջ 3.2 միլիոն, որից 1.2 միլիոնը ապրում է մայրաքաղաքում: Երկիրն ունի շատ համասեռ էթնիկ կազմ. էթնիկ հայերը կազմում են  բնակչության 97.9 % , բնակչության փոքրամասնություն են ռուսները, եզդիները, ասորիները, ուկրաինացիները, հույները, վրացիները և բելառուսները: Հայաստանն ունի շատ մեծ սփյուռք: Միջին հաշվով, ամբողջ աշխարհում  10 միլիոն հայ է բնակվում:

          Հայաստանը գտնվում է Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի հետ աշխարհագրական նույն լայնության վրա։  Երկրի կլիման տատանվում է  չոր մերձարևադարձայինից մինչև սառը լեռնային: Միջին ջերմաստիճանը հուլիսին +35 0C է , իսկ հունվարին՝ -5 0C : Ամենաբարձր կետը երկրում Արագած լեռան գագաթն է (4090 մ), իսկ ամենացածր կետը՝  Ագարակը  (350մետր):

          301 թ․ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն: Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունն  աշխարհում։ Հայաստանը բաց երկնքի տակ քրիստոնեության թանգարան է: Կան հազարավոր քրիստոնեական հուշարձաններ, ինչպիսիք են վանքերը, եկեղեցիները, մատուռները և խաչքարերը, ձեռագրերը և այլն:

          Երևանը Հայաստանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է՝ գունեղ, վառ, իրադարձություններով լի: Երևանն ունի հազարամյակների պատմություն: Երևանը մեծ ջերմությամբ հյուրընկալում  է բազմաթիվ միջազգային միջոցառումներ, ինչպիսիք են սիմպոզիումները, կոնֆերանսները, փառատոները, սպորտային միջոցառումները և շատ ավելին։

          Կախարդական և հրաշքներով ու արկածներով լի մի աշխարհ է թաքնված այն երկրում, որի վրա կանգ առավ Նոյյան տապանը, և որի ամեն մի անկյունում կարելի է գտնել դարավոր պատմության անջնջելի հետքեր։ Միայն հիշողություններն են, որ երբեք մեզ չեն լքում։

          Խոր Վիրապ
          Կասկադ
          Չարենցի կամար
          Արցախ
          լավաշ
          Արարատ
          Հայ առաքելական եկեղեցի
          Գինի
          Գանռի
          Արագած
          Հաղպատ
          Սևանա լիճ
          Լաստիվեր
          խաչքար
          շուկա
          Լաստիվեր
          Ջերմուկ
          Քոբայր
          Նորատուս
          Նորավանք
          Սելիմի քարավանատուն
          Սևանավանք
          Շաքիի ջրվեժ
          Տաթև
          Մաթոսավանք
          Նորավանք

          Պաշտոնական անվանումը` Հայաստանի Հանրապետություն (օտար անվանումը Արմենիա)

          Կառավարությունը՝  նախագահական Հանրապետություն

          Ղեկավարը`նախագահ

          Մակերեսը՝ 29.743 քառ. կմ.

          Սահմանները՝ Վրաստանի հետ - 219 կմ; Ադրբեջանի հետ 566 կմ; Լեռնային Ղարաբաղի հետ 221 կմ; Իրանի հետ44 կմ: Թուրքիայի հետ311 կմ

          Բնակչությանը՝ ավելի քան 3 մլն մարդ է

          Մայրաքաղաքը՝  Երեւան

          Կրոնը՝  մեծամասնությունը հավատացյալների (92.6%) պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն

          Պաշտոնական լեզուն` հայերեն

          Վարչական բաժանումները՝ 10 մարզեր - Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ և առանձին վարչական միավոր հանդիսացող մայրաքաղաք - Երևան

          Խոշոր քաղաքներն են Երեւան, Գյումրի, Վանաձոր, Կապան, Արմավիր, Գավառ, Էջմիածին, Իջեւան, Հրազդան

          Արժույթը` դրամ

          Ազգային կարգախոսը՝  «Մեկ ազգ, մեկ մշակույթ»

          Պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը

          Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այնտեղ ջրերը ետ քաշվեցին ջրհեղեղից հետո, և այնտեղ բաց թողնվեց աղավնին:

          Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած, որ ժամանակին այն հզոր թագավորություն էր՝ այն շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրակներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով և իր էությամբ:

           - Ջորջ Բայրոն -

          ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ 

          Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է: Նրա բազմադարյան մշակույթի մի մասն են կազմում բազմաթիվ եկեղեցիներն ու վանական համալիրները:

          Էջմիածնի Մայր Տաճարը հանդիսանում է Ամենայն Հայոց կաթողիկոսության կենտրոնը: Պատմական աղբյուրների համաձայն Մայր Տաճարը` հայոց առաջին եկեղեցին, հիմնադրվել է 4-րդ դարում` Գրիգոր Լուսավորչի կողմից: Եկեղեցին կառուցելու համար Գրիգոր Լուսավորիչը ընտրել է տեսիլքում հրեշտակի ցույց տված` ոսկե խարսխի վրա հառնող հրեղեն սյան լուսե խաչի տեղը (13-րդ դարից տեսիլքին վերագրվել է այլ բովանդակություն, համաձայն որի` Աստծո Միածին Որդին լուսեղեն կերպարանքով իջել (այստեղից` Էջմիածին անունը) և ձեռքի ոսկե մուրճով գետնին զարկելով` ցույց է տվել տաճարի հիմնադրման տեղը):

          Էջմիածինը 364թ.-ին ավերվել է պարսիկների կողմից: Պատմական աղբյուրների համաձայն տաճարը 484-485թթ.-ին ամբողջության վերանորոգվել է իշխան Վահան Մամիկոնյանի կողմից: Այլ վերանորոգումներ կատարվել են Ներսես III և Կոմիտաս կաթողիկոսների օրոք:         

          Այսօր կանգուն տաճարը հիմնականում 17-րդ դարի կառույց է: 1627թ.-ին է կառուցվել կենտրոնական գմբեթը, 1653-1658թթ.-ին`տաճարի արևմտյան կողմում գտնվող զանգակատունը, իսկ 1683թ.-ին`տաճարի արևելյան, հյուսիսային և հարավային խորանների վրա գտնվող փոքր զանգակատան նման գմբեթները: Ներքին նկարազարդումը կատարվել է 18-րդ դարում: Տաճարի արևելյան հատվածում 1869թ.-ին ավելացվել է ևս մեկ շինություն, որն ի սկզբանե ծառայել է որպես ավանդատուն, իսկ հետագայում որպես թանգարան:

          Մայր Տաճարին հարակից տարածքում են գտնվում նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը, գրադարանը և գրատունը, վանական խցերը, Էջմիածին ամսագրի խմբագրությունը և տպագրատունը, Ալեք և Անրի Մանուկյանների թանգարանը և այլ նմանատիպ կառույցներ:

          Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:  

           

          ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ

          Էջմիածնի Մայր Տաճարից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում Սուրբ Գայանե եկեղեցին: Ըստ ավանդության` եկեղեցին կառուցվել է հենց այն վայրում, որտեղ 4-րդ դարում նահատակվել է Սուրբ Գայանեն: Այստեղ ի սկզբանե կառուցվել է վկայարան, որը 4-րդ դարում վերակառուցվել է Սահակ կաթողիկոսի օրոք: 7-րդ դարում Եզր Ա կաթողիկոսը (630-641թթ. -ին`Ամենայն Հայոց կաթողիկոս) քանդել է վկայարանը և նույն տեղում կառուցել այսօր կանգուն եկեղեցին: Եկեղեցին 1652-ին հիմնովին վերանորոգվել է Փիլիպոս կաթողիկոսի նախաձեռնությամբ: 17-րդ դարում Եղիազար կաթողիկոսը եկեղեղեցուն արևմտյան կողմից կցել է եռանավ գավիթ-սրահ, որը պետք ե ծառայեր որպես դամբարան` բարձրաստիճան հոգևորականների համար:

           

          ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

          Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան հատվածում: Ըստ պատմական աղբյուրների` ի սկզբանե այստեղ է գտնվել Սուրբ Հռիփսիմեի դամբարանը, որի վրա 618թ.-ին Կոմիտաս կաթողիկոսը (615-628) կառուցել է այսօր կանգուն եկեղեցին: Եկեղեցու արևելյան` Ավագ խորանի տակ ս.Հռիփսիմեի թաղածածկ դամբարանն է:

          Ս. Հռիփսիմե եկեղեցին իր ճարտարապետության բյուրեղյա հստակությամբ և կատարյալ հորինվածքով այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է:  

           Ըստ ավանդության` Սուրբ Հռիփսիմեն և քրիստոնյա այլ կույսեր իրենց մայրապետ Գայանեի առաջնորդությամբ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305թթ.) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում։ Ավանդությունը հալածանքների պատճառ է համարում այն, որ կույսերից գեղեցկագույնը` երկնավոր հարս Հռիփսիմեն, հրաժարվել էր Դիոկղետիանոս կայսրի առաջարկներից` դառնալու նրա կինը և Հռոմի կայսրության թագուհին: Կայսրը կույսերի փախուստի մասին հայտնել է հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին և ասել, որ հայոց թագավորը հետ վերադարձնի նրանց, բայց եթե ուզենա, կարող է կնության առնել Հռիփսիմեին: Հռիփսիմեն հրաժարվում է, սակայն, նաև հայոց թագավորի առաջարկներից և նահատակվում`որպես սուրբ և հավատարիմ քրիստոնյա:

          Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

           

          ԶՎԱՐԹՆՈՑ

          Զվարթնոցի տաճարը գտնվում է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից 3կմ. դեպի հարավ: Պատմական աղբյուրները հավաստիացնում են, որ տաճարը կառուցել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը (641-662):  

          Տաճարի անվանումը ծագում է զվարթունք (զվարթունք` հրեշտակներ, այստեղ խոսքը Գրիգոր Լուսավորչին երազում այցելած հրեշտակների մասին է)  բառից: Տաճարն այդպես է անվանել Սեբեոս պատմիչը, ըստ նրա, այստեղ են հանդիպել Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը: 10-րդ դարի պատմիչ և կաթողիկոս Հովհաննես V-ը վկայում է, որ այստեղ թաղված են Գրիգոր Լուսավորչի մասունքները: Զվարթնոցը կանգուն է եղել մինչև 10-րդ դարի վերջը, և, հավանաբար, ավերվել է երկրաշարժից: Հետագայում, 1900-1907թթ. և 1958-1967թթ.-ին այստեղ իրականացրած պեղումնային աշխատանքների շնորհիվ բացվել են տաճարի կանգուն մնացած հատվածները:

          Զվարթնոցը կառուցվել է յոթաստիճան բազմանիստ պատվանդանի կենտրոնում: 20-րդ դարում այստեղ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ պեղումներ են կատարվել: Ըստ Թորամանյանի վերակազմության (1905), տաճարը արտաքուստ եռաստիճան, հաջորդաբար նվազող երեք գլանային (բազմանիստ) ներդաշնակված ծավալների միասնական հորինվածք է եղել:

          Տաճարի առանձնահատուկ ճարտարպետությունն ու զարդաքանդակները վկայում են այն կառուցողի` Ներսես կաթողիկոսի, բարձրաճաշակության մասին: Այսօր էլ Զվարթնոցը համարվում է հայկական և համշխարհային վաղ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց:

          Զվարթնոցի տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

           

          ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ 

          Վանական համալիրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջափնյա բարձրադիր սարավանդի եզրին: Ավանդության համաձայն Հովհաննավանքը կառուցվել է դեռևս 4-րդ դարում, սակայն պատմական տեղեկությունների համաձայն այն կառուցվել է 7-րդ դարում: Համալիրի միանավ եկեղեցին վերանորոգվել է 550թ.ին: Տարածքը պարսպապատվել է դեռևս 12-րդ դարում: Գլխավոր եկեղեցին և ժամատունը կառուցվել են Վաչուտյանների օրոք (13-րդ դար): Վանական համալիրը ծաղկում է ապրել 17-րդ դարում:

          Իր պատմության ընթացքում Հովհաննվանքը մեծապես տուժել է հատկապես 1679 և1918թթ.-ի երկրաշարժերից: 1625, 1651, 1682թթ.ին, ապա նաև  1734, 1946-1948թթ.-ին այտեղ իրականացվել են վերանորոգման ծավալուն աշխատանքներ:

          Պահպանված հնագույն կառույցը Ս. Կարապետ միանավ եկեղեցին է, որը մեզ է հասել բազմաթիվ վերաշինություններով:

          1216-1221թթ.-ին իշխան Վաչե Վաչուտյանի հովանավորությամբ կառուցվել է վանքի Կաթողիկե եկեղեցին, որը նույնպես կոչվել է Ս. Կարապետ:

          1250-ին Վաչե իշխանի որդին` Քուրդ Վաչուտյանը, կառուցել է ժամատունը:

          Վանական համալիրի հյուսիսային հատվածում կա մի փոքրածավալ շինություն (այն գտնվում է ժամատան և միանավ եկեղեցու միջև): Թե ինչ նպատակով է կառուցվել այն և ինչ է իրենից ներկայացրել մինչ օրս անհայտ է:

          Ժամատան ներսում կարելի է տեսնել մի գեղեցիկ խաչքար: Խաչքարի վերին հատվածում  Քրիստոսի գլուխն է, իսկ ներքին հատվածում Ադամի գլուխը:

          Հովհաննավանքը տուժել է նաև 1912-ի երկրաշարժից և ունի վերանորոգման կարիք, բայց անկախ ամեն ինչից այն այսօր ևս հիանալի տպավորություն է թողնում այցելուների վրա:

           

          ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

          Սաղմոսավանքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի ափին: Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը: Համալիրը կառուցվել է Վաչուտյանների օրոք (իշխանական տոհմ): Այն բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, գրադարանից և բազմաթիվ խաչքարերից:

          1215թ.-ին իշխան Վաչե Վաչուտյանը կառուցել է համալիրի գլխավոր եկեղեցին` Սուրբ Սիոնը: Ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր դահլիճ է: Այս եկեղեցու արևմտյան հատվածում է գտնվում քառասյուն գավիթը, որը 13-րդ դարում կառուցել է Վաչե Վաչուտյանը: Սաղմոսավանքի գավթի ծածկի համակարգը հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից է:

          1235թ.ին կառուցվել է Սաղմոսավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

          1255թ.ին իշխան Քուրդ վաչուտյանը և նրա կինը իրենց դստեր հիշատակին կառուցել են գրատունը: Գրատունը երկար ժամանակ որպես օթևան է ծառայել ուսանողների համար, որոնք այստեղ զբաղվել են բազմաթիվ սաղմոսնեի թարգմանությամբ և ձեռագրերի պահպանմամբ:    

           

          ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԿԱՐՄՐԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

          Սուրբ Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Պատմական աղբյուրների համաձայն`եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր տիպի է`քառաթև հատակագծով: Ունի աղյուսե տանիք և մեզ է հասել գրեթե անփոփոխ վիճակում: Արտաքուստ համեստ տեսք ունի,իսկ ներքին պատերը զարդարված են որմնանկարներով:

          Եկեղեցու անվան վերաբերյալ մի ավանդություն է մեզ հասել: Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։

          Այսօր այդ երեք եկեղեցիները գտնվում են Աշտարակ քաղաքում:

           

          ՄՈՒՂՆՈՒ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ՎԱՆՔ

          Վանքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին: Մուղնու եկեղեցին ուշ միջնադարյան հայկական ճարտարպետության ամենագեղեցիկ ու կատարյալ նմուշներից է: Եկեղեցին, որը գտնվում է համալիրի կենտրոնական հատվածում, և տնտեսական բնույթի շնությունները պարսպապատված են: Այստեղ են գտնվում Սուրբ Գևորգի մասունքները:

          Այսօր կանգուն եկեղեցու շինարարությունը վերջնականապես ավարտվել է 17-րդ դարում: Ի սկզբանե այստեղ այլ եկեղեցի է եղել, որը կառուցված է եղել անմշակ քարով և չի համապատասխանել համահայկական ուխտատեղիի պահանջներին, ինչի պատճառով էլ 17-րդ դարում այն քանդել են և նույն տեղում կառուցել նորը` սրբատաշ և գունավոր տուֆից: Եկեղեցու արևմտյան կողմում կառուցված է եռակամար բաց սրահ: 19-րդ դարում Մուղնին ուխտատեղի է եղել նաև վրացիների և պարսիկների համար: Վանքում պահվող սրբություններից են եղել ս. Գևորգի, ս. Մատթեոս ավետարանչի և ս. Թադեոս առաքյալի մասունքները:  

           

          ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆՔ

          Վանքը գտնվում է պատմական Հայաստանի Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին` միջնաբերդի տեղում: Այժմ`ՀՀ Արարատի մարզում: Վանքը հայոց նվիրական սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի:

          Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Մեծ թագավորը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետում է Արտաշատի արքունի բանտը, որը հայտնի էր Վիրապ Արտաշատու անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնում է գրեթե 14 տարի: Մի այրի կին կերակրում է նրան` ամեն օր մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվում է Հռիփսիմյանց կույսերի նահատակումից  9 օր անց: Նա  ազատվում է այն բանից հետո, երբ աղոթքների շնորհիվ մի անհասկանալի ու ծանր հիվանդությունից փրկում է հայոց թագավորին: Ազատվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը շարունակում է զբաղվել քիստոնեության տարածմամբ: Դրա հետ միասին նա գտնում և հողին է հանձնում նահատակ կույսերի մարմինները և նրանց գերեզմանների վրա վկայարաններ ու մատուռներ կառուցում: Այս ընթացքում հայոց թագավորը ևս դարձի է գալիս և 301թ.-ին քրիստոնեությունը հռչակում որպես Հայաստանի պետական կրոն: Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս է դառնում Գրիգոր Լուսավորիչը:   

          Մոտ 642 թ.-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Ս. Գևորգ եկեղեցին: 17-րդ դարի վերջում կառուցվել է Խոր Վիրապի Սուրբ Աստվածածին եկեղեցին, վանքի պարիսպը, սեղանատունը և նմանատիպ այլ կառույցներ:

           

          ՆՈՐԱՎԱՆՔ

          Վանքը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3կմ դեպի հյուսիս-արևելք: Դեռ վաղ միջնադարում վանքը հայտնի է եղել: Վանքի այժմյան տարածքում է գտնվել Սուրբ Փոկաս եկեղեցին: 9-րդ դարում կառուցվել է Սուրբ Կարապետ եկեղեցին: Այդ ժամանակ վանքը կոչվել Ավագ կամ Խորաձոր անապատ:

          14-րդ դարում Նորավանքը դարձել է Սյունյաց հոգևոր կենտրոնը: 1216-1221թթ.-ին Սարգիս եպիսկոպոսը կառուցել է Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին: 1223-1261թթ.-ին եկեղեցու գավիթն է կառուցվել և կատարվել են վերանորոգման աշխատանքներ: 1275թ.-ին կառուցվել է Սուրբ Գրիգոր եկեղեցի-տապանատունը: 14-րդ դարում հայ հռչակավոր ճարտարապետ Մոմիկը (ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչ) այստեղ կառուցել է երկհարկանի Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցին: Այստեղ գտնվող խաչքարերից առանձնահատուկ ուշադրություն են գրավում Մոմիկի կերտած խաչքարերը: Մոմիկի գերեզմանը, որի վրա մի համեստ խաչքար է կանգնեցված, հենց այս վանքի տարածքում է գտնվում:

          Վանքը բազմաթիվ անգամներ ավերվել է և ապա նորից վերանորոգվել: 20-րդ դարում վերաօծվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նորավանքը հատկապես հարուստ է բազմաթիվ զարդաքանդակներով և բարձրաքանդակներով: Սուրբ Ստեփանոս եկեղեցու գավթի արևմտյան ճակատակալ քարի վրա Հայր Աստծո պատկերն է կերտված:   

          Վանքը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և առանձնանում է շրջակա միջավայրի աննկարագրելի գեղեցկությամբ:

           

          ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ

          Զորաց Քարերը Հայաստանի ամենահին աստղադիտարանն է համարվում: Այն ավելի հայտնի է Քարահունջ անվամբ: Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Այստեղ կարելի է տեսնել դեռևս Ք.ա. 2-րդ դարից մեզ հասած քարերի շրջան` կրոմլեխ: Այստեղ ժամանակին կատարվել են թաղումներ: Այսպիսի կառույցները նվիրված են եղել արևին: Այսօր այն գրավում է բազմաթիվ հնագետների ուշադրությունը: Ըստ հանգետների այն գոյություն է ունեցել դեռևս պղնձի դարում (մոտ Ք.ա. 5-րդ դար) կամ նույնիսկ դրանից առաջ` քարի դարում: Ըստ հնագետների Զորաց Քարերը գոյություն է ունեցել Անգլիայի հայտնի Stonhenge-ից (քարերի հնչյուն կամ քարահունջ) ավելի վաղ:

           

          ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

          Տաթևի վանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի համանուն գյուղում, Որոտան գետի վտակի անդնդախոր ձորի եզերքին: Վանական համալիրը կառուցվել է դարերի ընթացքում: Ավանդության համաձայն` վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Ըստ պատմական աղբյուրների վանքի առաջին եկեղեցին կառուցվել է դեռևս 4-րդ դարում: Այդ եկեղեցին ունեցել  է անշուք տեսք: Այսօր կանգուն վանական համալիրը կառուցվել է 9-րդ դարում: Այդ ժամանակ իշխան Ֆիլիպեն կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 895-906թթ.-ին այստեղ կառուցվել է հայկական ճարտարապետության ամենամեծ եկեղեցիներից մեկը`Սուրբ Պողոս-Պետրոսը: Եկեղեցու ներսի երկու մույթերը խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին, որոնց մասունքները դրվել են մույթերի հիմքերում և անկյուններում: Եկեղեցու հարավային մուտքի դիմաց 906թ.-ին կառուցվել է Ս. Երրորդությանը նվիրված հուշասյուն (կոչվել է գավազան), որը շարնիրայինսկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ ճոճվել է: Գավազանը 8մ. բարձրություն ունի: Եկեղեցու առջև այդ ժամանակահատվածում կառուցվել է գավիթ:

          Տաթևի վանքը լքվել և կողոպտվել է թուրք-սելջուկական արշավանքների ընթացքում: Հետագայում այն վերանորոգվել է: 13-րդ դարում վանքը ծաղկման շրջան է ապրում: Տաթևի վանքում գործել է համալսարան, որտեղ դասավանդել են հայտնի հայ գիտնականներ: Վանքին կից 10-րդ դարում այստեղ գործել է Տաթևի մատենադարանը, որտեղ պահպանվել են բազմաթիվ գրքեր և ձեռագրեր: 17-րդ դարում վանքի տարածքում կառուցել են տնտեսական բնույթի բազմաթիվ  շինություններ և խցեր: 19-րդ դարում նախկին գավթի տեղում կառուցվել է նոր եռահարկ շքեղ զանգակատուն:

          Վերջին տարիներին ՀՀ-ում կառուցվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որի օգնությամբ կարելի է հասնել Տաթևի վանք:

           

          ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔ

          Տեղերի վանքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում, Արագած լեռան լանջին, Տեղեր գետի աջ ափին: Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գավթից: Վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը, ըստ շինարարական արձանագրության կառուցվել են 1213-1232թթ.-ին` իշխան Վաչե Վաչուտյանի կին Մամախաթունի կողմից, Աղբայրիկ վարդապետի ձեռքով: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք: Այն արտաքինից համեստ տեսք ունի:

          Ըստ արձանագրության եկեղեցու գավթի շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել է 1232 թվականին: Գավիթը ունի չորս մույթեր և առանձնանում է բավականին մեծ չափերով: Այն արտաքինից բավականին համեստ տեսք ունի և գրեթե զուրկ է հարդարանքներից:

          20-րդ դարում վանքը վնասվել է երկրաշարժից և վերանորոգվել:

           

          ԱՄԲԵՐԴ

          Ամբերդ ամրոցը հիմնադրվել է 10-րդ դարում` Բագրատունիների օրոք: 1026թ.-ին իշխան Վահրամ Պահլավունին ամրոցի տարածքում կառուցել է եկեղեցի: Եկեղեցին պատկանում է խաչաձև գմեթավոր տիպին և զուրկ է արտաքին հարդարանքներից:

          Ըստ պատմական աղբյուրների ամրոցը բաղկացած է եղել երկու մասից` պալատից և ամրոցից, որոնք պարսպապատ են եղել: Ամրոցը ունեցել է գաղտնուղիներ, որոնք օգտագործվել են պատերազմական իրադրությունների ժամանակ: Ամրոցը ունեցել է ջրամատակարարման համակարգ և հատուկ ջրավազան: Ամրոցի մոտակայքում կառուցվել է բաղնիք, որը մեզ է հասել փլված վիճակում:

           

          ԱՐՈՒՃԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

           Արուճի քարավանատունը թվագրվում է 13-րդ դարով: Այն հայտնի Մետաքսի ճանապարհի վրա է եղել կառուցված: Կարևոր նշանակություն է ունեցել առևտրականների համար: Քարավանատները կառուցվել են հիմնականում առևտրական ճանապարհների խաչմերուկների վրա: Քարավանատներից բացի այդ ժամանակաշրջանում կառուցվել են նաև կամուրջներ, որոնք նույնպես կարևոր նշանակության են եղել:

          Այսօր ՀՀ-ում կարելի է տեսնել բազմաթիվ քարավանատների մնացորդներ: Արուճի քարավանատունը կազմված է եղել 6 կամարներից: Այժմ նրա մի մասը հողի տակ է գտնվում: Նրա կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար, մինչդեռ կողային սրահները` տերերի ու սպասավորների։  

           

          ԱՐՈՒՃԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ

          Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում: Արձանագրության և պատմական աղբյուրների համաձայն եկեղեցին կառուցվել է 662-666թթ.-ին` իշխան Գրիգոր Մամիկոնյանի և նրա կնոջ միջոցներով: Ի սկզբանե այստեղ այլ եկեղեցի է գոյություն ունեցել, որը հավանաբար այն բազիլիկ կառույցն է, որն այսօր գտնվում է եկեղեցու հարավ-արևելյան կողմում: Պատմական աղբյուրների համաձայն,  իշխան Գրիգոր Մամիկոնյանը, Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային կողմում կառուցել է իր արքունիքը` պալատական համալիրը:

          10-րդ դարում Սուրբ Գրիգոր եկեղեցին վերանորոգվել է: 16-19-րդ դարերի ընթացքւմ եկեղեցին կիսավեր և լքված վիճակում է եղել: 20-րդ դարում եկեղեցին վերանորոգվել է, որից հետո այստեղ կատարվել են պեղումներ, ինչի արդյունքում էլ բացվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառուցած պալատական համալիրը: Ժամանակին սյուներով զարդարված և շքեղ տեսք ունեցող պալատաի դահլիճից միայն ավերակներն են մեզ հասել: Արուճի պալատական համալրը եղել է միջնադարյան Հայաստանի պալատական ճարտարապետության գլուխգործոց:

          Սուրբ Գրիգոր եկեղեցին ունեցել է 41 պատուհան և 3 դուռ: Պատերը ներսից զարդարված են եղել գեղեցիկ որմնանկարներով: Ինչպես և այլ հայկական եկեղեցիներ, այս եկեղեցին ևս բազմիցս ավերվել է և ապա վերանորոգվել:

           

          ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

          Կաթողիկե եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում: Այն կառուցվել է 7-րդ դարում: Այս եկեղեցու նախատիպն է Դվինի Կաթողիկե եկեղեցին: Թալինի եկեղեցին եռանավ, գմբեթավոր, արևմուտքից արևելք ձգված, խաչաձև հատակագծով, եռախորան բազիլիկ կառույց է: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարից: Աղոթասրահը բավականին մեծածավալ է և երկու շարք մույթերի և որմնամույթերի միջոցով բաժանված է երեք հատվածի: Եկեղեցու ներքին պատերը ամբողջովին նկարազարդ են եղել, իսկ այժմ կարելի է տեսնել այդ որմնանկարների միայն մնացորդները: Եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը վկայում է, որ որմնանկարների պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է եղել: Եկեղեցին հարդարված է եղել բուսական գեղեցիկ զարդաքանդակներով, որոնք պահպանվել են մինչ օրս:     

          Եկեղեցին 8-րդ դարում կողոպտվել է արաբ նվաճողների կողմից: Այն երկու անգամ ավերվել է երկրաշարժի պատճառով, ապա նորից մասնակի վերանորոգվել: Մինչ օրս եկեղեցու գմբեթը կիսավեր վիճակում է:

          Եկեղեցու մոտակայքում կարելի է պեղումների ընթացքում բացված միանավ եկեղեցու ավերակները տեսնել, որը թվագրվում է 5-րդ դարով: 

          Թալինի եկեղեցին այսօր, նույնիսկ կիսավեր վիճակում, բավականին ազդեցիկ տեսք ունի:  

           

          ԳՆԴԵՎԱՆՔ

          Գնդեվանքը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում: Պատմական աղբյուրները վկայում են, որ վանքը կառուցվել է 10-րդ դարում` Սյունյաց իշխանուհի Սոֆիայի կողմից: Այն ի սզբանե ծառայել է որպես մենաստան:

          Գնդեվանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936թթ.-ին: Այն սրբատաշ բազալտով, քառախորան` արտաքուստ խաչաձև, կենտրանագմբեթ հորինվածքով եկեղեցի է (արևելյան ավանդատները ավելացվել են 10-րդ դարում): Նկարիչ Եղիշեն եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով: Այսօր եկեղեցու ներսում կարելի է տեսնել այդ որմնանկարների մնացորդները:

          Սոֆիա իշխանուհին, Գնդեվանքի կառուցումից հետո, մի արձանագրություն է թողել, որտեղ ասվում է. Վայոց Ձորն անակ մատանի էր, շինեցի սա և /որպես/ ակ դրեցի վրան:

          999թ.-ին վանահայր Քրիստափորը եկեղեցուն արևմուտքից կից հավելել է Գնդեվանքի գավիթը` հյուսիսային կողմում երկու սենյակներով:

          Վանքը վերանորոգվել է 14-րդ դարում:

          17-րդ դարում վանքը շրջապատվել է բուրգերով ուժեղացված պարիսպներով և կառուցվել են տնտեսական շինություններ (խցեր, սեղանատուն, խոհանոց և այլն):

          Վանքի տարածքում կան բազմաթիվ 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր:

          Վերջին անգամ վանքը վերանորոգվել է 20-րդ դարում:

           

          ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

          Սևանա լիճը աշխարհի բարձրությամբ երկրորդ քաղցրահամ լիճն է: Այն ունի ծովի մակարդակից 1916մ բարձրություն: Բազմաթիվ գիտնականների կարծիքի համաձայն` լիճը հրաբխային ծագում ունի: Լճի ընդհանուր մակերեսը կազմում է 1240մ ²: Այն ունի գրեթե 83մ խորություն: Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ: Նրանից սկիզբ առնող միակ գետը Հրազդանն է: 1936թ.-ին էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջուր բաց թողնելու հետևանքով  ջրի մակարդակը բավականին իջել է, ինչը իր մեծ ազդեցությունն է թողել լճի բուսական և կենդանական աշխարհի վրա: 

           

          ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

          Սևանավանքը հիմնադրվել է 4-րդ դարում` Գրիգոր Լուսավորչի կողմից` Սևանի կղզու վրա, որն այժմ թերակղզի է: 9-րդ դարում վանքը ծաղկում է ապրում: Այդ ժամանակ, հայոց թագավոր Աշոտ Բագրատունու դուստր իշխանուհի Մարիամը, այստեղ կառուցել է Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եռախորան, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները: Սուրբ Առաքելոց եկեղեցու ներսում մի շատ գեղեցիկ խաչքար է կանգնեցված` Ամենափրկիչ խաչքարը: 9-րդ դարում վանքը մատենադարան է ունեցել: 17-րդ դարում վանքը վերանորոգվել է: 1869թ.-ին կղզում բացվել է հոգևոր դպրոց, որը գործել է մինչև 1880թ.-ը: 20-րդ դարում ևս վանքը վերանորոգվել է:

           

          ՆՈՐԱՏՈՒՍ

           Նորատուսի գերեզմանատունը գտնվում է Նորատուս գյուղում: Այստեղ հազարավոր խաչքարեր կան, որոնք մեզ են հասել տարբեր դարերից:  

          Առհասարակ խաչքարերը Հայաստանում ոչ միայն որպես գերեզմանաքարեր են ծառայել: Նրանք ծառայել են նաև որպես կարևոր իրադարձություններ  (հաղթանակ որևէ ճակատամարտում, քաղաքի կառուցում և ալյն) խորհրդանշող հուշարձաններ:

          Այստեղ կան նաև խաչքարերի խմբեր, որոնք խորհրդանշում են ընտանեկան թաղումներ:   

          Բազմաթիվ խաչքարերի կողքին կարելի է տեսնել մի փոքրիկ միանավ եկեղեցի, որը մեր ժամանակներ է հասել 13-րդ դարից:

          Մինչ օրս պարզ չէ, թե ինչու հենց այս գյուղում են գտնվում թվով այսքան շատ խաչքարերը:  

           

          ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ

          Հաղարծնի վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հեռավորությամբ, Հաղարծին գետակի վերին հոսանքի ափին: Հիմնադրման ստույգ ժամանակն անհայտ է: Վանքը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին:

          Հաղարծնի վանքն ունի չորս եկեղեցի, երկու գավիթ (մեկը` ավերված), սեղանատուն և բազմաթիվ խաչքարեր: Վանքի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ 10-րդ դար): 11-րդ դարում վանքն ավերվել է թուրք-սելջուկական արշավանքների ժամանակ, ապա 12-րդ դարում այն վերանորոգվել է: Այդ ժամանակ Սուրբ Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում կառուցվել է միանավ մի եկեղեցի`Կաթողիկեն: Բացի այդ, Սուրբ Գրիգոր եկեղեցու արևմտյան կողմում Զաքարյան իշխանները կառուցել են եկեղեցու` չորս մույթերից բաղկացած գավիթը: 1244թ.-ին Սուրբ Գրիգոր եկեղեցու արևելյան կողմում՝ նրան բավականին մոտ, կապտավուն բազալտից կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին:

          1281-ին հիմնովին վերակառուցվել է Հաղարծնի գլխավոր` Սուրբ Աստվածածին եկեղեցին (հավանաբար 10-11-րդ դարերի կառույց): Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է:

          1248թ.-ին վանական համալիրի արևմտյան հատվածում կառուցվել է սեղանատունը:

          17-րդ դարում վանքը վերանորոգվել է (վերանորոգվել են Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր և Սուրբ Ստեփանոս եկեղեցիները):  

          18-ում վանքը ավերվել է ու լքվել և միայն 19-րդ դարում նորից գործել: 20-րդ դարում վանքը լիովին վերանորոգվել է: 

           

          ԳՈՇԱՎԱՆՔ

          Գոշավանքը կամ Նոր Գետիկը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում, Գետիկ գետի ափին: Վանքը հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում: Սկզբում այն կոչվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահից հետո կոչվել է նրա անվամբ:

          1191-1196թթ.-ին Մխիթար Գոշը կառուցել է վանքի գլխավոր եկեղեցին` Սուրբ Աստվածածինը: Եկեղեցին զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք ունի: 1197-1203թթ.-ի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմին կից կառուցվել է քառասյուն գավիթը: 13-րդ դարի սկզբին Մխիթար գոշը կառուցել է վանքի Սուրբ Առաքելոց, Սուրբ Հռիփսիմե մատուռները և Սուրբ Հոգի փայտակերտ եկեղեցին, վանքի հարավային բլրակի գագաթին` Սուրբ Համբարձման մատուռ-դամբարանը, որտեղ և թաղվել է:

          1231թ.-ին սկսվել են Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցման աշխատանքները: 1237-1241թթ.-ին գավթի հարավային պատին գրեթե կից կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, որը առանձնանում է ճոխ հարդարանքով: Մինչև 1241թ. կառուցվել են վանքի գրատունը և ժամատունը: 1254թ.-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ կառուցվել է Սուրբ Գևորգ Եկեղեցին: Այդ ժամանակ վանքը բարձրագույն ուսումնական հաստատություն է ունեցել:

          Վանքը հարուստ է բազմաթիվ խաչքարերով, որոնցից ամենագեղեցիկները վարպետ Պողոսի կերտած խաչքարերն են (առանձնահատուկ գեղեցկություն ունի ասեղնագործ խաչքարը):

          10-րդ դարում վերանորոգվել է Մխիթար Գոշի կառուցած Սուրբ Ստեփանոս եկեղեցին: 20-րդ դարում վանքը վերանորոգվել է և բացվել է վանքի թանգարանը:  

           

          ՕՁՈՒՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԵԿԵՂԵՑԻ

          Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում: Ըստ պատմական աղբյուրների` այն կառուցվել է 8-րդ դարում, իսկ ըստ ճարտարապետական վերլուծության` եկեղեցին 6-րդ դարի կառույց է: Եկեղեցին պատկանում է եռանավ, գմբեթավոր բազիլիկ տիպին: Աղոթասրահը մույթերով բաժանված է երեք մասի: Եկեղեցին հարդարված է հարթաքանդակներով և զարդաքանդակներով: 19-րդ դարում այն վերանորոգվել է:  

          Եկեղեցուց մի փոքր հեռու` հյուսիսային կողմում, 5-6-րդ դարերի մի հուշակոթող է կանգնեցված: Հուշակոթողը զարդարված է բազմաթիվ զարդաքանդակներով: Հուշակոթողի պատվանդանը 2.4մ բարձրություն ունի:   

           

          ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ

          Հաղպատի վանական համալիրը գտնվում է ՀՀ Լոռվա մարզում: Վանքի առաջին եկեղեցին` Սուրբ Նշանը, 976-991թթ.-ին կառուցել են հայոց թագավոր Աշոտ Գ Բագրատունին և նրա կինը: Այդ ժամանակ հիմնադրվել է վանքի հոգևոր դպրոցը: 11-րդ դարում Սուրբ Նշան եկեղեցուց դեպի հյուսիս կառուցվել են վանքի երկու մատուռ-դամբարանները, Սուրբ Գրիգոր եկեղեցին, պարիսպը և գրատունը:

          12-րդ դարում վանքը ավերվել է և կողոպտվել, իսկ 12-րդ դարի երկրորդ կեսին և 13-րդ դարում այն ծաղկում է ապրել: 1185թ.-ին Կյուրիկե Գ թագավորի դուստր Մարիամը Սուրբ Նշան եկեղեցու արևմտյան կողմում կառուցել է Կյուրիկյան թագավորների սրահ-տապանատունը, որը 13-րդ դարում հիմնովին վերակառուցվել է և վերածվել եկեղեցու ընդարձակ գավթի: Այդ ժամանակ կատարվել են վերանորոգման աշխատանքներ և կառուցվել են Ուքանաց տոհմի երեք խաչքար-դամբարանները: 13-րդ դարին են վերագրվում նաև սեղանատան կառուցումը: 1233թ.-ին վանքից ոչ հեռու կառուցվել է Կայանբերդ կոչվող ամրոցը, որը 1241թ.-ին ավերվել է մոնղոլների կողմից:

          1257թ.-ին Համազասպ վանահայրը կառուցել է մի մեծ մատուռ, որը հետագայում նրա անունով կոչվել է Համազասի ժամատուն: Դրանից հետո կառուցվել են նաև վանքի մյուս գավիթը, զանգակատունը և պարսպի արևելյան մուտքը:

          17-րդ դարում վերանորոգվել են Կուսանաց Անապատը, վանքի պարիսպը և գրատունը:  

          Հաղպատի վանքի տարածքում կան շատ խաչքարեր, որոնցից ամենահայտնին «Ամենափրկիչ» խաչքարն է:

          13-րդ դարում վանքը ունեցել է նաև կրթության և գիտության վերելքի մեծ ժամանակաշրջան: Այստեղ գրվել և պահվել են բազմաթիվ գրքեր և ձեռագրեր, որոնց մի մասը տեղի վանականները, 14-15-րդ դարերի ընթացքում, թշնամիներից պաշտպանելու նպատակով թաքցրել են Հաղպատի վանքից ոչ շատ հեռու գտնվող քարայրերում: Այդ ձեռագրերը վերագտնվել են 18-րդ դարում:

          18-րդ դարում Հաղպատի վանքում մի որոշ ժամանակ ապրել և ծառայել է հայ մեծ աշուղ Սայաթ Նովան, ով 1775թ.-ին այստեղ կնքել է իր մահկանացուն:

          Հաղպատը 1996թ.-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 

           

          ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ

          Սանահինի վանքը գտնվում է ՀՀ Լոռվա մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում: Վանքի առաջին` Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում: 996թ.-ին հայոց թագավոր Աշոտ Գ Բագրատունին և իր կինը կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և հիմնադրել վանքի հոգևոր դպրոցը:  11-րդ դարում կառուցվել են գրատունը, Սուրբ Գրիգոր մատուռը: Դրանից զատ այստեղ գրվել և արտագրվել են բազմաթիվ ձեռագրեր: 11-րդ դարի երկրորդ կեսին Սանահինը ապրել է տևական վատթար ժամանակաշրջան: 12-րդ դարի վերջից այն նորից վերելք է ապրել: 12-13-րդ դարերում կառուցվել են Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեեցիների գավիթները, զանգակատունը, գրատան արտաքին սրահը, հյուրատունը (չի պահպանվել), և Զաքարյան տոհմի դամբարանը: Այս ժամանակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, կանգեցվել են Գրիգոր Տութեորդու և Սարգսի խաչքարերը: 12-րդ դարի վերջին Դեբեդ գետի վրա կառուցվել է Սանահինի նշանավոր կամուրջը:  

          Իր պատմության ընթացքում Սանահինը բազմաթիվ անգամներ ավերվել է երկրաշարժերի և թշնամիների արշավանքների հետևանքով: 17-րդ դարում վանքը վերանորոգվել է: Այժմ ևս կատարվում են վերանորոգման աշխատանքներ:

          Սանահինի վանքը ընդգրկված է ՅՈՒնԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

           

          ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ

          Գառնիի հեթանոսական տաճարը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Այն կառուցվել է Ք.հ. I դարում` Տրդատ I թագավորի կողմից, այն ամրոցի տարածքում, որը հավանաբար մ.թ.ա. II դարում է կառուցված եղել:

          Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո երկրում ոչնչացվեցին գրեթե բոլոր հեթանոսական տաճարները: Գառնու տաճարը այն ժամանակ հայոց թագավորների ամառային նստավայրն է եղել, այդ պատճառով այն չի ոչնչացվել և կանգուն է մինչ օրս: Գառնու տաճարը ավերվել է 1679թ.-ի երկրաշարժի հետևանքով: 1966թ.-ին սկսվել և գրեթե 10 տարի շարունակվել են տաճարի վերանորոգման աշխատանքները:

          Տեղական բազալտից կառուցված տաճարը անտիկ ճարտարապետության կատարյալ նմուշներից է: Տաճարի չորս կողմերում կանգնեցված են 24 սյուներ, որոնք հարդարված են բազմաթիվ զարդաքանդակներով: Տաճարի կողքին 7-րդ դարի մի եկեղեցու ավերակներն են:

          Տաճարի տարածքում է գտնվում Ք.հ. 3-րդ դարում կառուցված բաղնիքը: Բաղնիքը տաքացվել է տաք ջրով: Սենյակներից մեկի հատակին հունական դիցաբանության մոտիվներով խճանկար է պատկերված: Այստեղ մի գրություն կա. աշխատեցինք ոչինչ չստանալով: Այս գրության նշանակությունը մինչ այժմ հայտնի չէ:  

          Գառնիի տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

           

          ԳԵՂԱՐԴ

          Գեղարդավանքը (Այրիվանք) գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում` Գրիգոր Լուսավորչի կողմից: Վանքը մինչև 13-րդ դարը կոչվել է Այրիվանք: 13-18-րդ դարերի ընթացքում այստեղ է պահվել Սուրբ Գեղարդը, ինչի պատճառով վանքը 13-րդ դարից սկսած վերանվանվել է Գեղարդավանք:  18-րդ դարից հետո Սուրբ Գեղարդը պահվել և մինչ օրս պահվում է Էջմիածնում:

          1215թ.-ին կառուցվել է գլխավոր եկեղեցին` Կաթողիկեն, որը հարդարված է զարդաքանդակներով: 1215-1225թթ.-ին եկեղեցու արևմտյան կողմում կառուցվել է չորս մույթերից բաղկացած գավիթը: Գավթի տանիքը հենվում է այդ չորս մույթերի վրա և ունի բավականին բարդ կառուցվածք: Եկեղեցու հյուսիսային կողմում են գտնվում վանքի երկու ժայռափոր եկեղեցիները: Նրանցից մեկը եղել է նաև տապանատուն: Առաջին եկեղեցին կառուցվել է 1230-1250թթ.-ի ընթացքում Պռոշ իշխանի կողմից: Եկեղեցու ներսում է գտնվում հայտնի սուրբ աղբյուրը: Երկրորդ ժայռափոր եկեղեցին` Սուրբ Աստվածածինը, որը նաև տապանատուն է, կառուցել են Պռոշյան իշխանները: Այստեղ են թաղված Պռոշյան իշխանական տան անդամները: Այստեղ կարելի է տեսնել նաև Պռոշյան իշխանական տան գերբը: 

          1288թ.-ին կառուցվել է ժայռափոր ժամատունը, որը հիացնում է իր ակուստիկայով:

          Գեղարդավանքը ընդգրկված է ՅՈՒՆԵսկՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

           

          ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

          Մատենադարանը կառուցվել է 1945-1957թթ.-ի ընթացքում` հռչակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի կողմից: Այն հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման խոշորագույն կենտրոն է: 1962թ.-ից այն կրում է հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունը: Այստեղ պահվող ավելի քան 17000 հայալեզու և օտարալեզու ձեռագրերի մեծ մասը Երևանի մատենադարան է տեղափոխվել Էջմիածնի մատենադարանից (Հայաստանի առաջին մատենադարանը եղել է Էջմիածնում): Այդ ձեռագրերը 1920թ.-ին պետականացվել էին և տեղափոխվել Մոսկվա և միայն 1939թ.-ին հետ են վերադարձվել Հայաստան` Երևան:

          Մատենադարանի շենքի առջև կարելի է տեսնել հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, իսկ շենքի երկու կողմերում` պատմահայր Մովսես Խորենացու,  մաթեմատիկոս, աշխարհագետ, տոմարագետ, փիլիսոփա և աստղագետ Անանիա Շիրակացու, 13-րդ դարի բանաստեղծ Ֆրիկի, առաջին օրենսգրքի հեղինակ Մխիթար Գոշի, փիլիսոփա Գրիգոր Տաթևացու և մանրանկարիչ Թորոս Ռոսլինի արձանները:  

          1997թ.-ին Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածուն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

           

          ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

          Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Ինչպես պարզ է դարձել 1950 թվականին Երևանի հարավարևելյան հատվածում` Արին Բերդ բլրի վրա կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված սեպագրությունից, այն ի սկզբանե որպես քաղաք-ամրոց հիմնադրվել է 782թ.-ին` Ուրարտուի թագավոր և Մենուայի որդի Արգիշթի I-ի կողմից: Ի սկզբանե քաղաք-ամրոցը կոչվել է Էրեբունի: Ժամանակի ընթացքում Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան:   

          Էրեբունի թանգարանը կառուցվել է 1968թ.-ին` Երևանի հարավարևելյան հատվածում` Արին Բերդ բլրի ստորոտին: Թանգարանը ընդհանուր համալիրի ընդամենը մի փոքր մասն է կազմում: Ժամանակին հենց Արին Բերդ բլրի վրա է կառուցված եղել Էրեբունի ամրոցը, որի պեղումները դեռևս շարունակվում են:    

           

          ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԱՐՁԱՆ

          Սասունցի Դավիթ արձանը Երևանի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: Դավիթը Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի գլխավոր հերոսն է և խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության: Արձանը գտնվում է Երևանի Սասունցի Դավիթ հրապարակում` Երևանի կայարանի առջև: Այն այստեղ է տեղադրվել 1959թ.-ին: Արձանի հեղինակը հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարն է: 

           

          ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՁԱՆ

          Մայր Հայաստան արձանը գտնվում է Երևանի Հաղթանակ զբոսայգում: Այն տեղադրվել է 1967թ.-ին: Արձանի հեղինակը հայ մեծանուն քանդակագործ Արա Հարությունյանն է: Արձանն ունի 22մ բարձրություն: Այն խորհրդանշում է հայ կնոջ պայքարը հանուն հայրենի երկրի ազատության և խաղաղության: Արձանի մոտակայքում է գտնվում Մայր Հայաստան զինվորական թանգարանը: Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա՝ հայ ժողովրդի մասնակցությունն երկրորդ համաշխարհային պատերազմին և արցախյան ազատագրական պատերազմը: