Հայաստանի լեռնաշխարհը հարուստ է հազարավոր քարանձավներով ու քարայրային համալիրներով, սակայն զբոսաշրջային հիմնական երթուղիներում ընդգրկված են դրանցից միայն մի քանիսը (օրինակ՝ Արենի-1-ը կամ Մոզրովը): Քարանձավների մեծ մասը մնում է անհայտ լայն հանրությանը, դժվարամատչելի է կամ հասանելի է միայն պրոֆեսիոնալ քարանձավագետներին (սպելեոլոգներին) և արշավականներին։
Ահա Հայաստանի ամենահետաքրքիր ու հանելուկային քարանձավներից մի քանիսը, որոնց զբոսաշրջիկները գրեթե չեն հանդիպում․
Արջերի քարանձավ
Վայոց ձորի Արփի գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվում է Հայաստանի ամենահետաքրքիր ստորգետնյա վայրերից մեկը՝ Արջերի քարանձավը։ Այն ունի մոտ 3.5 կմ երկարություն և հայտնաբերվել է 1978 թվականին։
Քարանձավի սենյակներից մեկում հայտնաբերված արջի ոսկորներն էլ դարձել են անվանման պատճառը։ Ներսում կան բազմաթիվ մեծ ու փոքր խորշեր, նեղ և դժվարանցանելի հատվածներ, ինչպես նաև ստալակտիտներով պատված տարածքներ։
Քարանձավում հեշտ է մոլորվել, ուստի այնտեղ կարելի է այցելել միայն փորձառու ուղեկցորդի հետ և համապատասխան թույլտվությամբ։
Մագելի քարանձավ
Մագելի քարանձավը գտնվում է Վայոց ձորի Ուփի ձորում՝ Նորավանք տանող ճանապարհին։ Այն Հայաստանի ամենամեծ կարստային քարանձավներից է և հայտնի է իր ստալակտիտներով ու ստալագմիտներով։
Քարանձավը հայտնաբերվել է 1980 թվականին որսորդ Մագելան Առաքելյանի կողմից։ Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ այն բնակեցված է եղել դեռևս նեոլիթի ժամանակաշրջանում։
Մուտքը շատ նեղ է, իսկ ներսում կան կտրուկ վայրէջքներ, փոսեր և դեռևս չքարտեզագրված հատվածներ։ Այստեղ մշտապես պահպանվում է մոտ 14°C ջերմաստիճան, իսկ քարանձավում ապրում են չղջիկների ութ տեսակ, որոնցից վեցը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Այցելությունը թույլատրելի է միայն փորձառու ուղեկցորդի հետ։
Մոզրովի քարանձավ
Մոզրովի քարանձավը գտնվում է Արփիից Մոզրով տանող ճանապարհի մոտ և համարվում է Հայաստանի բնական կարևոր հուշարձաններից մեկը։
Այն բացվել է 1980 թվականին ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ։ Քարանձավն ունի մոտ 260 մ խորություն և համարվում է Հայաստանի երկարությամբ երրորդ ամենամեծ քարանձավը։
Ներսում կարելի է տեսնել ստալակտիտների, ստալագմիտների և այլ բնական կազմավորումների մեծ բազմազանություն։ Քարանձավը ներառված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Լաստիվերի քարանձավներ
Լաստիվերը գտնվում է Տավուշի մարզում՝ Ենոքավան գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա, Խաչաղբյուր գետի անտառապատ կիրճում։
13–14-րդ դարերում տեղի բնակիչները մոնղոլական արշավանքներից պատսպարվել են հենց այս քարանձավներում։ Այստեղ բնակվել են նաև ճգնավորներ, ինչի պատճառով տարածքը հայտնի է նաև որպես Լաստիվերի անապատ։
Ըստ ավանդության՝ քարանձավ բարձրանալու համար գերանները լաստի նման կապել են իրար և ճոպանով ձգել վեր՝ բացականչելով «լաստն ի վեր»։ Այստեղ պահպանվել է նաև հարսանիք պատկերող հնագույն որմնաքանդակ։