img

Բլոգ

bus
road road

ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԼԵՌՆԵՐԸ

Անկասկած, Հայաստանում գրեթե չկա մի անկյուն, որտեղից հնարավոր չէ տեսնել գեղեցիկ, բարձրաբերձ լեռները: Ամենուրեք սփռված են երկար ու ձիգ լեռնաշղթաներ, լանջեր և ​​գագաթներ: Ժամանակին Հայաստանի լեռները տարրերից և նվաճողներից բնական պաշտպան էին հանդիսանում. այսօր այստեղ կազմակերպվում են քայլարշավներ, իսկ անմատույց ձյունածածկ գագաթների վերելքը մարտահրավեր ու նպատակ է դարձել էքստրեմալ սպորտի երկրպագուների և լեռնագնացների համար: Անհնար է պատկերացնել Հայաստանի բնությունը առանց լեռների. գեղատեսիլ գագաթները զարմացնում, գերում են այցելուներին և այստեղ կրկին վերադառնալու պատճառ են հանդիսանում: Եկեք ավելի մանրամասն ծանոթանանք Հայաստանի ամենագեղեցիկ լեռներին:

1. Ուխտասար

Ուխտասարը, որը գտնվում է Սիսիան քաղաքի մոտ, անշուշտ, հասարակ լեռ չէ: Ուխտասարի լանջերը իրական հնագիտական թանգարան է բաց երկնքի տակ: Այստեղ Դուք կտեսնեք բազմաթիվ ժայռեր, որոնց վրա տեղ են գտել մարդկանց և կենդանիների հինավուրց պատկերներ: Խառնարանի տեղում տեղակայված է մի լիճ, որտեղ կլոր տարին կարելի է ձյուն տեսնել:

2. Խուստուփ

Խուստուփ լեռը Խուստուփ-Կատարի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է: Լեռը գտնվում է Սյունիքի մարզում՝Կապանի մոտակայքում: Խուստուփ լեռան բարձրությունը 3205 մետր է: Այս լեռան լանջին Է թաղված հայ մեծ սպարապետ Գարեգին Նժդեհը:

3. Աժդահակ

Հնագույն հանգած հրաբուխը՝ Աժդահակը, Գեղամա լեռների ամենաբարձր կետն է (3597 մ): Գագաթին խառնարանային բյուրեղյա լիճ է տեղակայված. այստեղից նաև աննկարագրելի շքեղ տեսարան է բացվում դեպի Արագած, Արարատ, Հատիս և Արայի լեռներ: Աժդահակի լանջերին հայտնաբերվել են նաև որսի, արևի, լուսնի ու աստղերի ժայռապատկերներ:

4. Արագած

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է (4090 մ): Արագածը քառագագաթ հանգած հրաբուխ է: Լեռը հայտնի է նաև իր անոմալ գոտիով, որտեղ ջուրը հոսում է ներքևից վերև, իսկ մեքենաները, առանց շարժիչը միացնելու,  ինքնուրույն են առաջ սլանում:

5. Իշխանասար

Իշխանասարը Սյունիքի մարզի գեղատեսիլ լեռնաշղթաներից է, որի ամենաբարձր գագաթը Մեծ Իշխանասարն է (3550 մ): Լեռան լանճին տեղակայված է Սև լիճը, որտեղ բազմացվում է է հայկական «Իշխան» ձուկը: Ամռանը լճի ջուրը այնքան է տաքանում, որ այստեղ բավականին հաճելի է լողալ: Իշխանասար նշանակում է «իշխանական լեռ», և, իսկապես, բնությունն այստեղ ինքնին ազնվական և փառահեղ է:

6. Արտանիշ

Արտանիշ (2461 մ) լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանի հյուսիս-արևելյան ափին: Այս բնական տեսարժան վայրը առանձնանում է նրանով, որ գագաթից Ձեր առջև բացվում է լճի և հարակից լեռնաշղթաների աննախադեպ գեղեցիկ տեսարանը: Արտանիշը միակ կետն է, որտեղից կարելի է Սևանը տեսնել ամբողջ չափով:

7. Թեղենիս

Թեղենիս լեռը (2851 մ) նույնպես սիրված երթուղիներից է հանդիսանում: Լեռան լանջերից մեկի վրա կարող եք տեսնել միջնադարյան շքեղ Թեղենյաց վանքը, իսկ հակառակ լանջին՝ գեղեցիկ Ծաղկունյաց լիճը:

8. Արա լեռ 

Արա լեռան անվանումը սերում է Արա Գեղեցիկ արքայի անունից: Լեգենդի համաձայն, Ասորեստանի թագուհի Շամիրամը հենց Արայի սերն էր տենչում:

9. Հատիս

Հատիս լեռը նույնպես շատ հայտնի զբոսաշրջային ուղի է: Հատիսն ունի հրաբխային ծագում: Լեռան երկրորդ անվանումը Շամիրամ է, որը կապում են հպարտ թագուհու մասին լեգենդի հետ: Լեգենդի համաձայն, սա այն վայրն է, որտեղ Շամիրամի զորքերը հանգրվանեցին, երբ մերժված թագուհին պատերազմ սկսեց Արա Գեղեցիկի դեմ:

10. Արարատ

Անշուշտ, մեր ցուցակը թերի կլինի առանց Հայաստանի գլխավոր խորհրդանիշի` Արարատ լեռան: Չնայած այն հանգամանքին, որ լեռը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է, այն շարունակում է մնալ Հայրենիքի խորհրդանիշ ամբողջ աշխարհի հայության համար:
Արարատի գեղեցկությունը դժվար է բառերով նկարագրել: Հայաստանի մայրաքաղաքի գրեթե բոլոր անկյուններից կարելի է տեսնել ձյունածածկ գագաթները: Անամպ, արևոտ օրերին, թվում է, թե Արարատ լեռը «սավառնում» է քաղաքի փողոցներով:

one-ik one-ik

Կապ

Կապ