Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Բլոգ
Աշխարհի զարգացման գործընթացում բոլոր ազգերն իրենց ավանդն ունեն: Հայտնագործություններ, գիտական հետազոտություններ, արվեստի գլուխգործոցներ. այս առաջընթացը կա ու պարբերական բնույթ է կրում ամբողջ մարդկության շնորհիվ: Այս հարցում իր փոքրիկ մասնաբաժինն ունի նաև Հայաստանը: Պատմական հանգամանքների բերումով աշխարհահռչակ հայերը ոչ միայն ապրել ու ստեղծագործել են Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Սակայն միշտ ուղղակի կամ անուղղակի կերպով աջակցել են նաև հայրենիքի զարգացմանը: Այդպիսի աջակցություններից մեկն էլ զբոսաշրջությունը Հայաստանում խթանելն է: Վստահաբար շատերը կուզեն տեսնել այն երկիրը, որտեղից ծնունդ են առել պատմության ուղին կանխորոշող հանճարներ:

Թվարկումը թերևս սկսենք բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկով՝ Հովհաննես Այվազովսկիով (1817-1900), ով դեռ փոքր տարիքից ածուխով նկարում էր թաղամասի պատերին: Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրականի ընտանիքում ծնված Այվազովսկու տաղանդն աննկատ չմնաց, իսկ հայրը ամեն ինչ արեց որդուն բարձրագույն կրթություն տալու համար: 6000 ստեղծագործությունների կեսից ավելին ծովանկարներեն, որտեղ ծովը կենդանի է՝ ողողված արևով, հանդարտ, խիստ կամ ալեկոծված: Հմտորեն համադրել է արևի լույսը, լուսինը, ամպերը, կրակն ու մառախուղը ծովի հետ: Այժմ Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Հաջորդիվ անգնահատելի է Կոմիտասի (Սողոմոնյան Սողոմոնյան — 1869-1936) ավանդը, ով կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար և մանկավարժ էր, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին: Սակայն 1915-ը թվականը շրջադարձային է լինում երաժշտագետի կյանքում: Հայ շատ այլ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և արտաքսվում բանտարկյալների ճամբար, որից հետո էլ կորցնում է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջ չի ապաքինվում:

Հայերի 12-րդ մայրքաղաքի նախագծումը վստահվել է Ալեքսանդր Թամանյանին (1878-1936), ով սկսել է Երևանի գլխավոր հատակագծի ստեղծումը 1923 թ. և շարունակել մինչև կյանքի վերջ: Երևանը նրա ճարտարապետական հանճարի մեծագույն դրսևորումն է: Նա պատմական կամուրջ է գցել հայ ժողովրդի անցած շրջանի մշակույթի և նորի միջև, վերակենդանացրել հայկական զարդաքանդակի արվեստը՝ նրան հաղորդելով նոր բովանդակություն: Ե՛վ կենդանության օրոք, և՛ հետմահու պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով: Այսօր էլ նրա շունչը դեռ թարմ է քաղաքում, իսկ մեծ ճարտարապետի արձանը բոլորին դիմավորում է Կասկադ համալիրի առջևում:

Մյուս երաժիշտը ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին դասվող տաղանդավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է (1903-1978), ում ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: Երկրագնդի բոլոր անկյուններում հնչում են Խաչատրյանի գլուխգործոցները, որոնցից ամենահայտնին թերևս Սուսերով պարն է Գայանե բալետից: Նա կարողացել է հայ ժողովրդական երաժշտությունը վարպետորեն միահյուսել իր կոմպոզիցիաներին։ Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծ ճանաչումը վկայում են նաև նրա բազմաթիվ պարգևները:

Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) Կալիֆոռնիա գաղթած աշխատավոր հայ ընտանիքում ծնված ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908-1981) 15 տարեկանում որոշում է դառնալ գրող, ինչը և որոշիչ դեր է կատարում նրա կյանքում: Նրա հմայքը իր պարզ ու մատչելի լեզուն էր, որով խոսում էր իր ընթերցողի հետ: Սարոյանի հերոսներին բնորոշ է ուրախ տրտմությունը, ինչը նրա կենսափորձի արդյունքն է: Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ: Արժանացել է Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին, սակայն առաջինը մերժել է ստանալ հայտարարելով, որ դրամի ուժն իրավունք չունի խնամակալելու արվեստը:

Աստղագիտության բնագավառում անգերազանցելի էր Վիկտոր Համբարձումյանը (1908-1996), հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը: Նա հասել է գիտական բոլոր հնարավոր պաշտոններին, ստացել մեծ թվով մեդալներ ու մրցանակներ, ընտրվել երեք տասնյակ ակադեմիաների անդամ` ներառյալ աշխարհի հինգ խոշորագույն ակադեմիաները, երկու անգամ արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, հանրապետության անկախանալուց հետո դարձել Հայաստանի Ազգային հերոս, միշտ գտնվել սոցիալական սանդղակի վերին դիրքերում:

Անմասն չէ նաև կինոն: Սերգեյ Փարաջանովը (1924-1990) 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից մեկն էր, ում բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, մշակույթի ակունքների հանդեպ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունն ու մտքի փիլիսոփայական խորությունը: Փարաջանովի Նռան գույնը (1969) կինոնկարը հաստատել է նրա արվեստի յուրօրինակությունը և արժանացել մեծ համբավի: Նրա գեղանկարչական գործերը ցուցադրվել են Թբիլիսիում, Երևանում, Փարիզում, իսկ կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում:

Աշխարհի կրկնակի չեմպիոն (1963 և 1966 թվականներին) Տիգրան Պետրոսյանը (1929-1984) կամ ինչպես նրան կոչում էին՝ Երկաթե Տիգրանը շախմատ խաղալ սկսել է դեռ 8 տարեկանից: Նա պաշտպանական բացառիկ ոճով հայտնի մեծանուն շախմատիստ էր, ով 6 տարի շարունակ պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Լինելով պատմության մեջ ազգությամբ հայ առաջին աշխարհի չեմպիոնը՝ նա հսկայական դեր է կատարել Հայաստանում շախմատի հանրայնացման գործում։ Սրանք այն անուններն են, որոնք արդեն անջնջելի հետք են թողել պատմության էջերում, իսկ մերօրյա հերոսները դեռ շարունակում են գրել այդ պատմությունը: Նաև նրանց շնորհիվ է, որ զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է, քանի որ հազիվ թե Շարլ Ազնավուրի կամ Սերժ Թանկյանի երկրպագուները բաց թողնեն նրանց բացառիկ համերգները, որտեղ էլ որ դրանք լինեն:

Շարլ Ազնավուրը (Վաղինակ Ազնաուրյան, ծնվ. 1924թ.) նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Բեմում է ավելի քան 60 տարի, անցած դարի ֆրանսիական ամենաանմոռաց երգերից շատերի հեղինակն է, համարվում է ֆրանսիական շանսոնի դասականներից մեկը։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

Սերժ Թանկյանը (ծնվ. 1967թ.) ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան է։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice (Արդարության առանցք) հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Տոմ Մորելլոյի հետ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգները և Թուրքիան ճանաչեն և ընդունեն Հայոց Ցեղասպանությունը։ Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։

Երաժշտությանը լրացնելու է գալիս սպորտը: Անդրե Աղասին (ծնվ. 1970), ով բոլոր ժամանակների խոշորագույն թենիսիստներից մեկն է, մեծագույն ներդրում ունի այս ասպարեզում: Նա Ոսկե սաղավարտի առաջին մրցանակակիր տղամարդ թենիսիստն է, որը տարբեր տարիների հաղթել է Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերը, Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի Համաշխարհային չեմպիոնատի ֆինալում և Օլիմպիական խաղերում։ Պրոֆեսիոնալ ասպարեզ է մուտք գործել դեռևս 16 տարեկանից:
Սրանք այն բազմաթիվ անուններից ընդամենը մի մասն են, ում շնորհիվ աշխարհը բացահայտում է այս երկիրը, ծանոթանում նրա գանձերին, որպես զբոսաշրջության վայր ընտրում Հայաստանը, իսկ յուրաքանչյուր հայ պետք է հնարավորինս ճանաչելի դարձնի իր ազգի արժեքները ավելի լայն շրջանակներում:
Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Blog
7 ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջանը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա», Տավուշի մարզի անտառաշատ գոհարն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով ու գեղեցիկ բնությամբ։ Անկախ նրանից՝ դուք սիրում եք արշավն...
Blog
Էկոտուրիզմը Հայաստանում | 10 լավագույն վայրեր այցելության համար
Ի՞նչ է էկոտուրիզմը Էկոտուրիզմը բնության պահպանությունը և տեղական համայնքների զարգացման խթանումը միավորող ճամփորդական ձև է: Այն խրախուսում է մաքուր և պատասխանատու զբոսաշրջություն...