wanna check in?

          ՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2017

          20.06.17

          Աշխարհի ցանկացած անկյուն գեղեցիկ է, միայն թե դուք որոշեք ճամփորդել ու բացահայտել աշխարհը: Հայաստանը բացառություն չէ: Տուրիզմը Հայաստանում 2017 թվականին շարունակում է զարգանալ, ընդլայնում է իր շրջանակներն ու Հայաստանը այցելուներին ներկայացնում նորովի:

          Դիլիջան

          Պարզ լիճ

           

          Տեսարժան վայրեր

          Տեսարժան վայրերի պակաս հաստատ չի զգացվի Հայաստանում. եկեղեցիներ, կիրճեր, սարեր, բերդեր, որոնք իրենց մեջ ամփոփում են հարյուրամյակների պատմություն։ Իսկ դեպի Տաթևի վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղին Հայաստանը կդարձնի ձեր ամենասիրելի երկրներից մեկը։ Էլ չենք խոսում աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Երևանի մասին, որն իր գույն ու հոտն ունի։ Այդ համ ու հոտի մասն են կազմում ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվող բազմաթիվ փառատոնները։

          Խնձորեսկի ճոճվող կամուրջ

          Տաթևեր ճոպանուղի

           

          Առողջարանային տուրիզմ

          Առողջարանային տուրիզմը թերևս զբոսաշրջության հնագույն ձևերից է։ Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով։ Հայաստանում առավել հայտնի առողջարանային կենտրոններ են Ջերմուկը, Աղվերանը, Արզնին: Ջերմուկը համարվում է Հայաստանի ամենասիրված առողջարանային քաղաքը թե՛ բուժման, թե՛ հանգստի և թե՛ ժամանցի համար:  Իսկ Աղվերանի ձորն ունի եզակի միկրոկլիմա, ինչն անգնահատելի է մի շարք հիվանդությունների բուժման համար: Հայաստանի տարածքում հանքային ջրերն ունեն ավելի քան 400 բնական ելքեր:

          Ջերմուկ

          Ջերմուկի ջրվեժ

          Հանքային ջրերի հիմքի վրա կառուցվել ու կառուցվում են բազմաթիվ բարձրակարգ առողջարաններ, որոնք առաջարկում են ծառայությունների լայն շրջանակ և ունեն գնային տարբեր քաղաքականություն: Առհասարակ Հայաստանը բժշկական տեսանկյունից բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Առողջարանային տուրիզմից զատ Հայաստանում զարգանում են նաև պլաստիկ վիրահատություններն ու ատամնաբուժական տուրիզմը: Գնային ճկուն և մատչելի համակարգը շատերին բերում է Հայաստան առողջական միջամտությունների համար:

          Ջերմուկ

          Աղվերան

           

          Էքստրեմալ տուրիզմ

          Էքստրեմալ տուրիզմը ճամփորդության այն տեսակն է, որը միավորում է մշտապես նոր զգացողություններ փնտրողներին: Էքտրիմի սիրահարները երբեք չեն ձանձրանում իրենց ճամփորդությունների ընթացքում: Հայաստանն էլ աստիճանաբար նորովի է ներկայանում աշխարհին էքստրիմի իր տեսակներով և առաջարկում արկածի աննախադեպ հնարավորություներ: Շուտով ոչ միայն ամենաերկար ճոպանուղին, այլև ամենաերկար ZIPLINE-ը կդառնա Հայաստան այցելելու գրավականներից մեկը:

          Ենոքավան

          Zipline Հայաստանում

           

          Կրոնական տուրիզմ

          Համաշխարհային երեք կրոնների զարգացման հետ զարգացել և շարունակում է զարգանալ ուխտագնացային տուրիզմը ողջ աշխարհում։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր՝ Հայաստանը այս տեսանկյունից ևս հետաքրքրական է։ Հայաստանի Գեղարդավանքում է պահվել Հիսուսին խոցած գեղարդը, իսկ Հովհաննես Մկրտիչի գլուխը՝ քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբություններից մեկը թաղված է Գանձասարում՝ ԼՂՀ-ում։ Աշխարհի հնագույն տաճարներից մեկը՝ Էջմիածինը հայ առաքելական եկեղեցու վարչական և հոգևոր կենտրոնն է և գտնվում է Վաղարշապատ քաղաքում։ Այնպես որ, ուխտագնացների համար Հայաստան այցը ևս հետաքրքրական է ու յուրօրինակ։

          Էջմիածնի մայր տաճար

          Գեղարդավանք

          Այսպիսով, այլ ոլորտներին զուգահեռ Հայաստանում զարգանում է նաև տուրիզմի ոլորտը, մասնավորապես էքստրեմալ տուրիզմը, ուխտագնացությունները դեպի Հայաստան, առողջարանային և ատամնաբուժական տուրիզմը։ Իսկ զարգացումը ինքըստինքյան չի լինում, դրան նպաստում ենք բոլորս՝ սկսած այս կամ այն նպատակի համար Հայաստան այցելող յուրաքանչյուրից:

          ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2017