wanna check in?

          11 ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՀԱՅԵՐԸ

          29.03.17

          Աշխարհի զարգացման գործընթացում բոլոր ազգերն իրենց ավանդն ունեն: Հայտնագործություններ, գիտական հետազոտություններ, արվեստի գլուխգործոցներ. այս առաջընթացը կա ու պարբերական բնույթ է կրում ամբողջ մարդկության շնորհիվ: Այս հարցում իր փոքրիկ մասնաբաժինն ունի նաև Հայաստանը: Պատմական հանգամանքների բերումով աշխարհահռչակ հայերը ոչ միայն ապրել ու ստեղծագործել են Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Սակայն միշտ ուղղակի կամ անուղղակի կերպով աջակցել են նաև հայրենիքի զարգացմանը: Այդպիսի աջակցություններից մեկն էլ զբոսաշրջությունը Հայաստանում խթանելն է: Վստահաբար շատերը կուզեն տեսնել այն երկիրը,  որտեղից ծնունդ են առել պատմության ուղին կանխորոշող հանճարներ: 

          Հովհաննես Այվազովսկի

          Թվարկումը թերևս սկսենք բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկով՝ Հովհաննես Այվազովսկիով (1817-1900), ով դեռ փոքր տարիքից ածուխով նկարում էր թաղամասի պատերին: Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրականի ընտանիքում ծնված Այվազովսկու տաղանդն աննկատ չմնաց, իսկ հայրը ամեն ինչ արեց որդուն բարձրագույն կրթություն տալու համար: 6000 ստեղծագործությունների կեսից ավելին ծովանկարներեն, որտեղ ծովը կենդանի է՝ ողողված արևով, հանդարտ, խիստ կամ ալեկոծված: Հմտորեն համադրել է արևի լույսը, լուսինը, ամպերը, կրակն ու մառախուղը ծովի հետ: Այժմ Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

          Հովհաննես Այվազովսկի

          Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը

           

          Կոմիտաս

          Հաջորդիվ անգնահատելի է Կոմիտասի (Սողոմոնյան Սողոմոնյան – 1869-1936) ավանդը, ով կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար և մանկավարժ էր, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին: Սակայն 1915-ը թվականը շրջադարձային է լինում երաժշտագետի կյանքում: Հայ շատ այլ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և արտաքսվում բանտարկյալների ճամբար, որից հետո էլ կորցնում է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջ չի ապաքինվում:

          Կոմիտաս

          Կոմիտաս

           

          Ալեքսանդր Թամանյան

          Հայերի 12-րդ մայրքաղաքի նախագծումը վստահվել է Ալեքսանդր Թամանյանին (1878-1936), ով սկսել է Երևանի գլխավոր հատակագծի ստեղծումը 1923 թ. և շարունակել մինչև կյանքի վերջ: Երևանը նրա ճարտարապետական հանճարի մեծագույն դրսևորումն է: Նա պատմական կամուրջ է գցել հայ ժողովրդի անցած շրջանի մշակույթի և նորի միջև, վերակենդանացրել հայկական զարդաքանդակի արվեստը՝ նրան հաղորդելով նոր բովանդակություն: Ե՛վ կենդանության օրոք, և՛ հետմահու պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով: Այսօր էլ նրա շունչը դեռ թարմ է քաղաքում, իսկ մեծ ճարտարապետի արձանը բոլորին դիմավորում է Կասկադ համալիրի առջևում:

          Ալեքսանդր Թամանյանի արձանը Երևանում

          Ալեքսանդր Թամանյան

           

          Արամ Խաչատրյան

          Մյուս երաժիշտը ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին դասվող տաղանդավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է (1903-1978), ում ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: Երկրագնդի բոլոր անկյուններում հնչում են Խաչատրյանի գլուխգործոցները, որոնցից ամենահայտնին թերևս Սուսերով պարն է Գայանե բալետից: Նա կարողացել է հայ ժողովրդական երաժշտությունը վարպետորեն միահյուսել իր կոմպոզիցիաներին։ Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծ ճանաչումը վկայում են նաև նրա բազմաթիվ պարգևները:

          Արամ Խաչատրյան

          Արամ Խաչատրյան

           

          Վիլյամ Սարոյան

          Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) Կալիֆոռնիա գաղթած աշխատավոր հայ ընտանիքում ծնված ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908-1981) 15 տարեկանում որոշում է դառնալ գրող, ինչը և որոշիչ դեր է կատարում նրա կյանքում: Նրա հմայքը իր պարզ ու մատչելի լեզուն էր, որով խոսում էր իր ընթերցողի հետ: Սարոյանի հերոսներին բնորոշ է ուրախ տրտմությունը, ինչը նրա կենսափորձի արդյունքն է: Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ: Արժանացել է Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին, սակայն առաջինը մերժել է ստանալ հայտարարելով, որ դրամի ուժն իրավունք չունի խնամակալելու արվեստը:  

          Վիլյամ Սարոյան

          Վիլյամ Սարոյան

           

          Վիկտոր Համբարձումյան

          Աստղագիտության բնագավառում անգերազանցելի էր Վիկտոր Համբարձումյանը (1908-1996), հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը: Նա հասել է գիտական բոլոր հնարավոր պաշտոններին, ստացել մեծ թվով մեդալներ ու մրցանակներ, ընտրվել երեք տասնյակ ակադեմիաների անդամ` ներառյալ աշխարհի հինգ խոշորագույն ակադեմիաները, երկու անգամ արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, հանրապետության անկախանալուց հետո դարձել Հայաստանի Ազգային հերոս, միշտ գտնվել սոցիալական սանդղակի վերին դիրքերում:

          Վիկտոր Համբարձումյան

          Բյուրականի աստղադիտարան

           

          Սերգեյ Փարաջանով

          Անմասն չէ նաև կինոն: Սերգեյ Փարաջանովը (1924-1990) 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից մեկն էր, ում բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, մշակույթի ակունքների հանդեպ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունն ու մտքի փիլիսոփայական խորությունը:  Փարաջանովի Նռան գույնը (1969) կինոնկարը հաստատել է նրա արվեստի յուրօրինակությունը և արժանացել մեծ համբավի: Նրա գեղանկարչական գործերը ցուցադրվել են Թբիլիսիում, Երևանում, Փարիզում, իսկ կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում:

          Սերգեյ Փարաջանով

          Սերգեյ Փարաջանով

           

          Տիգրան Պետրոսյան

          Աշխարհի կրկնակի չեմպիոն (1963 և 1966 թվականներին) Տիգրան Պետրոսյանը (1929-1984) կամ ինչպես նրան կոչում էին՝ Երկաթե Տիգրանը շախմատ խաղալ սկսել է դեռ 8 տարեկանից: Նա պաշտպանական բացառիկ ոճով հայտնի մեծանուն շախմատիստ էր, ով 6 տարի շարունակ պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Լինելով պատմության մեջ ազգությամբ հայ առաջին աշխարհի չեմպիոնը՝ նա հսկայական դեր է կատարել Հայաստանում շախմատի հանրայնացման գործում։ Սրանք այն անուններն են, որոնք արդեն անջնջելի հետք են թողել պատմության էջերում, իսկ մերօրյա հերոսները դեռ շարունակում են գրել այդ պատմությունը: Նաև նրանց շնորհիվ է, որ զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է, քանի որ հազիվ թե Շարլ Ազնավուրի կամ Սերժ Թանկյանի երկրպագուները բաց թողնեն նրանց բացառիկ համերգները, որտեղ էլ որ դրանք լինեն:

          Տիգրան Պետրոսյան

          Տիգրան Պետրոսյան

           

          Շարլ Ազնավուր

          Շարլ Ազնավուրը (Վաղինակ Ազնաուրյան, ծնվ. 1924թ.) նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Բեմում է ավելի քան 60 տարի, անցած դարի ֆրանսիական ամենաանմոռաց երգերից շատերի հեղինակն է, համարվում է ֆրանսիական շանսոնի դասականներից մեկը։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

          Շարլ Ազնավուր

          Շարլ Ազնավուր

           

          Սերժ Թանկյան

          Սերժ Թանկյանը (ծնվ. 1967թ.) ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան է։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice (Արդարության առանցք) հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Տոմ Մորելլոյի հետ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգները և Թուրքիան ճանաչեն և ընդունեն Հայոց Ցեղասպանությունը։ Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։

          Սերժ Թանկյան

          Սերժ Թանկյան

           

          Անդրե Աղասի

          Երաժշտությանը լրացնելու է գալիս սպորտը: Անդրե Աղասին (ծնվ. 1970), ով բոլոր ժամանակների խոշորագույն թենիսիստներից մեկն է, մեծագույն ներդրում ունի այս ասպարեզում: Նա Ոսկե սաղավարտի առաջին մրցանակակիր տղամարդ թենիսիստն է, որը տարբեր տարիների հաղթել է Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերը, Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի Համաշխարհային չեմպիոնատի ֆինալում և Օլիմպիական խաղերում։ Պրոֆեսիոնալ ասպարեզ է մուտք գործել դեռևս 16 տարեկանից:

          Անդրե Աղասի

          Անդրե Աղասի

          Սրանք այն բազմաթիվ անուններից ընդամենը մի մասն են, ում շնորհիվ աշխարհը բացահայտում է այս երկիրը, ծանոթանում նրա գանձերին, որպես զբոսաշրջության վայր ընտրում Հայաստանը, իսկ յուրաքանչյուր հայ պետք է հնարավորինս ճանաչելի դարձնի իր ազգի արժեքները ավելի լայն շրջանակներում:

          ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2017